13 03 2024

Ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները․ Արամ Սարգսյան

Ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները․ Արամ Սարգսյան

Այսօր վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են դաշնակցական գործիչ Գագիկ Սարգսյանի տուն ու ձերբակալել նրան: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Գագիկ Սարգսյանի որդին՝ լրագրող Արամ Սարգսյանը․

«Ընկերներ ջան, արտառոց դեպքի առիթով եմ գրում։ Առավոտից էնպիսի մղձավանջի մեջ ենք ամբողջ տնով, որ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել։ Առավոտյան ժամը 7-ին ամենավայրի ձևով մեր տուն են ներխուժել ԱԱԾ հատուկջոկատայինները` մինչև ատամները զինված։ Բոլորիս պառկեցրել են գետնին, բոլորիս տեռորի են ենթարկել, ինձ հարվածել են, խեղճ մորս լեղաճաք են արել, էնպես էին վախեցրել։ Ամբողջ տունը խուզարկել, տակնուվրա են արել, մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորս` դաշնակցական Գագիկ Սարգսյանին, բերման են ենթարկել։ Հիմա չգիտենք` որտեղ է, ինչ վիճակում է։ Հայրս ազնիվ, պարկեշտ, բացառիկ հայրենասեր մարդ է։ Ով նրան ճանաչում է` լավ գիտի։ Առայժ ոչինչ պատճառների մասին չեն ասել, բայց վստահ եմ, որ իր ընդդիմադիր քաղաքական հայացքների ու քաղաքական ակտիվության հետ է կապված։

Չգիտեմ` ինչ էինք արել, որ մեր հայրենի պետության «ժողովրդավար» իշխանությունները մեզ վերաբերվում են որպես ամենավտանգավոր հանցագործի, - նույնիսկ նաիրի հունանյանի հետևից էդպես չեն գնացել, - բայց առայժմ էս հարցը մի կողմ եմ դնում։

Հիմա ավելի կարևոր են գործնական քայլերը։ Չգիտեմ` ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում։ Եթե ընկերներիս մեջ որևէ մեկը իրավաբանական, փաստաբանական կամ այլ օգնություն կարող է ցույց տալ, ինչ-որ խորհուրդ կարող է տալ, խնդրում եմ գրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ