«Իրականում պետք է ասել ոչ թե փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներ, այլ պետք է նշել, որ այդ ոտնահարումներն առաջանում են Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներին հակասահմանադրական ձևով քաղաքացիությունից զրկելու հետևանքով»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը՝ անդրադառնալով փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքի ոտնահարումներին:
«Անձնագրային քաոսը ստեղծվել է միայն ներքաղաքական շարժառիթներով և Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ամենաշատն են տուժել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում, փորձ է արվում դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Արցախում բնակվող բոլոր հայերը միշտ եղել են ՀՀ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում աշխատել են տարբեր պետական հիմնարկներում, որտեղ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման էր` ուժային կառույցներ, դիվանագիտական կորպուս, միջազգային բանկերում բանկային հաշիվներ եւ այլն: Այդ աշխատակիցներին հարկելու հարկային համակարգն էլ է նույնը եղել, ինչ ՀՀ քաղաքացիների դեպքում: Միակ տարբերությունը, որ հաճախ առանձնացնում են, դա այն է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է Արցախի Հանրապետությունում, մասնակցել են ընտրությունների՝ Արցախի Հանրապետությունում, իսկ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է ՀՀ տարածքում, մասնակցել են ընտրություններին ՀՀ տարածքում: Սակայն դա ևս միանշանակ չէ»:
Նարե Սիմոնյանը փաստում է, որ 2021թ խորհրդարանական ընտրություններին Արցախի Հանրապետության գրանցում ունեցող 100-ավոր քաղաքացիներ մասնակցել են ընտրությունների՝ որպես ՀՀ քաղաքացիներ:
Նրա խոսքով՝ 2023թ ողբերգական դեպքերից հետո են ՀՀ իշխանությունները որոշել տարբերակում մտցնել և առանց այդ մասին ուղիղ հայտարարելու՝ տարբեր որոշումներում շեշտել, որ ՀՀ անձնագիր ունեցող Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն, դա ճամփորդական փաստաթուղթ է: «Մինչդեռ դա ՀՀ անձնագիր է: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը նաև ունի ճամփորդական փաստաթուղթ, բայց այն որևէ կապ չունի ՀՀ անձնագրի հետ: Եվ հիմա այս որոշումներով, ընթացակարգով հակասահմանադրական եղանակով ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները ապօրինի ձևով զրկվեն ՀՀ քաղաքացիությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը