Հոկտեմբերի 1-ը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանի ու սփյուռքի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Համազգային աղոթքի օրվա առիթով դուրս են բերվելու եւ Սուրբ Էջմիածնի թեմեր են տարվելու տարբեր սրբություններ եւ սրբազան մասունքներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ Պատարագ կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը բաց խորանում կմնա մինչեւ երեկոյան ժամերգություն։
Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը, Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը, Սուրբ Հակոբ եկեղեցի՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը, իսկ Սուրբ Գեւորգ զորավարի մասունքը կտարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը, Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Սուրբ Վարվառա կույսի մասունքը։
Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Գայանե կույսի մասունքը։
Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը կտարվի Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Քաջարանի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ կտարվեն Սուրբ Մատթեոս Ավետարանչի եւ Սուրբ Անդրեաս առաքյալի մասունքները։
Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
Սուրբ Գեւորգ զորավարի մասունքը կտարվի Կեչառիսի վանական համալիր։ Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը։
Սուրբ Խաչափայտի մասունքը կտարվի Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը, Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
Վարագավանք կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։
Արթիկի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։
Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը կտարվի Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը