Արցախի շրջափակումից ի վեր ամենից շատ տուժել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները։
«Առաջին փուլում մեզ հաջողվեց ինչ-որ չափով պահել երթուղիների քանակը և բնակչությունը կարողանում էր օգտվել հասարակական տրանսպորտից։ Գազամատակարարումի դադարումից և վառելիքի չափավոր տրամադրումից հետո սկսեց անձնական օգտագործման մեքենաների օգտագործումը կտրուկ նվազել և հասարակության մեծ մասը սկսեց օգտվել հասարակական տրանսպորտից, ինչը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ և ստիպված եղանք որոշ չափով կրճատել մայրաքաղաքի, այնհուhետև՝ միջշրջանային ավտոտրանսպորտը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունեցած պաշարները սպառելուց հետո Ստեփանակերտում գրեթե ամբողջովին դադարել է հասարակական տրանսպորտի սպասարկումը, բացառությամբ երկու թաղամասերի»,- ԱՀ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ ՏԿԵՆ առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում այժմ գործում է ընդամենը երկու երթուղի։
«Սուղ պաշարները բավականին երկար չեն թողնելու այս իրավիճակը պահվի և գնալով իրավիճակը վատթարանալու է»։
Նրա փոխանցմամբ՝ պահետստամասեր ևս չեն ներկրվում, ինչը նշանակում է, որ սեզոնային սպասարկման մասով նույնպես խնդիրներ կառաջանան։
Նախարարի տեղակալը նշեց, որ կային բավականին շատ ծրագրեր, որոնք չհասցրեցին իրականացնել։
Խոսելով էներգետիկ ոլորտի խնդիրներից, Հարությունյանը նշեց, որ հիմնական բեռն ընկած է Սարսանգի ջրամբարի վրա։
«Հինգ ՓՀԷԿ-եր գործում են, որոշակիորեն մեղմում են իրավիճակը։ Հիմնական բեռն ընկած է Սարսանգի վրա։ Բարեբախտաբար մայիս և հունիս ամիսներին տեղումներ եղան և հաջողվեց պահպանել որոշակի ջրային պաշարներ, ամառային շրջանը կտանի որոշակի թեթևացման։ Համապատասխան հաշվարկներ պարբերաբար իրականացվում է, կարծում եմ՝ ռեսուրսների կուտակման արդյունքում որոշ ժամանակահատված կբավարարի էլեկտրաէներգիայի մեր ռեսուրսները»,- ասաց ԱՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը