31 08 2022

Օգոստոսի 31-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 31-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

 

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 68-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից  տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։

Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասել իր հայտնի ասուլիսում․ «Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան, երբ Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի բյուջեն, քաղաքական կյանքը գտնվում էր կաթվածահար վիճակում։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվեց Հայաստան գալ, երբ 3 ամսվա՝ 95 տոկոսով ընտրված նախագահ էր, երբ իր դիրքը չափազանց ամուր, կայուն, շահեկան էր․ միայն մի պատճառով, որովհետև իրեն բացատվեց նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ կարծիքը, որ մեր պատերազմն արդեն դուրս է եկել հերոսության դաշտից և մտել տնտեսական, քաղաքական դաշտ, և տնտեսությունն է որոշելու այսուհետ մեր հաղթանակի, Ղարաբաղի ճակատագիրը։ Դա այն պահն էր, որ գոնե ինձ պաշտպանության նախարարությունից քաջ է հայտնի, որ երկու-երեք ամիս է՝ անգամ վառելիքի փող չէի ստանում։ Երբ վճարված չէին ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը, երբ բյուջեում փող չկար, երբ քաղաքական վիճակն այնքան սրված էր, որ յուրաքանչյուր պահի նոր ցնցում, նոր կատակլիզմեր էին սպասվում։ Եվ համարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կերպարը և՛ քաղաքական առումով, և՛ տնտեսությունը զարգացնելու, կամք գործադրելու, և՛ աշխատունակության առումով լավագույնն է։ Եվ այդպես էլ կա։ Դա էր պատճառը, որ Ռոբետ Քոչարյանը եկավ Հայաստան»։  

1998 թվականին, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:

Այսպես, 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատությունը կրճատվեց երկու անգամ, ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: 2000-2007 թվականներին միջին աշխատավարձը բարձրացավ 3,2 անգամ, իսկ նվազագույնը՝ 4 անգամ:

Թվային փաստեր, որոնք անհերքելի են:

Միջին աշխատավարձը 1998 – ին կազմում էր ընդամենը 18 հազար դրամ, իսկ արդեն 2008թ․՝ 87 400 դրամ։

Միջին կենսաթոշակը 1998-ին 3800 դրամ էր, իսկ 2008 - ին 21 370 դրամ:

Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով: Կայուն, զարգացող երկրում ավելի ու ավելի շատ էին ձգտում ներդրում անել նաև այն պատճառով, որ Հայաստանը ձեռք էր բերել վստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն:

Օտարերկրյա ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում 270 միլիոն դոլարից հասավ ավելի քան 3 միլիարդի:

Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։

Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիասային պողոտան:

Մեծ շինհրապարակ էր հիշեցնում նաև Շիրակի մարզը: Շինարարները արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն Շիրակի մարզ էին գնում: Երկրաշարժից հետո աղետի գոտին գլխավորապես կառուցվել է հենց այդ տարիներին։ 1988 թվականից մինչև 2008-ը բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈՒ զոհերի թիվը եղել է 92։

Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն:

2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանության թիրախում առաջիններից հայտնվեց հենց Ռոբերտ Քոչարյանը: Նրա դեմ հարուցվեց ապօրինի քրգործ, որը մի քանի տարի տևելուց և դատական տարբեր ատյաններով անցելուց հետո փլվեց, Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Խոսքը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին է, որը ՍԴ կողմից ճանաչվեց հակասահմանադրական։ Այդ դատական գործընթացների ընթացքում իշխանությանը հաջողվեց շուրջ երկու տարի ապօրինի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։

2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

Այժմ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ամենից խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդն է, կանգնած է այս իշխանության դեմ պայքարի առաջնագծում:

 

Շնորհավորում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 68-ամյակի առթիվ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ