18 08 2022

Կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Էջմիածնում այսօր կրակոցներ են հնչել։ Մեկ մարդ մահացել է, մեկ անձ էլ վիրավոր է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը` հավելելով, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին և ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 21:40-ի սահմաններում։
 
Տեղեկացրել են, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել: Նշված վայրից 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
 
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: Վաղարշապատի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցում, ու մեքենայի վարորդը վիրավոր վիճակում այն վարել է դեպի հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:
 
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածի հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ