12 07 2022

Լարսը՝ պատուհաս. հայ գործարարները խնդրի առջև են կանգնած

Լարսը՝ պատուհաս. հայ գործարարները խնդրի առջև են կանգնած

Մեր տնտեսության համար Լարսը կարևոր նշանակություն ունի, նույնիսկ կենսական, որովհետև մեր երկրից արտահանումները հիմնականում կատարվում են հենց այս սահմանով: Լարսի խնդիրը առավել քան զգայուն է, հատկապես վերջին ամիսներին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և անցակետը սկսեց աշխատել ավելի ծանրաբեռնված:

Առաջացած խնդիրները հայ արտահանողն ամեն օր է իր մաշկի վրա զգում, երբ ստիպված է լինում չնախատեսված ծախսեր անել արտահանում իրականացնելու համար: Իսկ շատ դեպքերում էլ շուտ փչացող ապրանքների պարագայում բանը չնախատեսված ծախսերին չի հասել, ոչ էլ ապրանքն է նպատակակետին հասել, հերթերի մեջ ուղղակի ապրանքը փչացել է և ստիպված են եղել թափել:

Որքան էլ Լարսը մեզ համար մշտական խնդիր է եղել, և գործարարներն ամեն տարի որոշակի ռիսկեր հաշվարկել են, այս տարվա խնդիրներն աննախադեպ են եղել:

Yerevan.Today-ի հետ զրույցում գործարար Մարինա Առաքելյանը, ով զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտահանմամբ, ասում է, որ ոչ միայն հերթերն են չնախատեսված երկար, այլ նաև՝ արտահանման ծախսերը:

«Ընդհանրապես ամառվա ամիսներին ավելի քիչ ենք արտահանում, քան մյուս եղանակներին,  բայց  հիմա ես պետք է արտահանեմ ամիսը երկու կամ երեք մեքենա, որ ամեն մեկը 5-6 օրում պետք է հասներ Մոսկվա, բայց հասնում է 20 օրում: Այնպես որ դու չես կարողանում հաշվարկել ու գործընկերոջդ ասել, թե ապրանքը քանի օր հետո իր մոտ կհասնի:

Հերթերն ու կուտակումները մինչև հիմա (06.07.2022) Լարսում ինչպես կային, այդպես էլ մնացել են, մեքենան ինձ մոտից դուրս է եկել ու հասել է Վրաստան, 25-26-րդ օրն է դեռ Վրաստանի տարածքում է: Եվ այս երկարաձգումների ամբողջ ծախսը տնտեսվարողի վրա է. վարորդներն արդեն գիտեն, որ պետք է գնան ավելի երկար ճանապարհ, գինն են թանկացնում, ուտելիքի գումարը, մեքենայի վառելիքի ավելացված ծախսը»:

Գործարարը նշում է, որ Լարսի անվերահսկելի խնդիրներն առաջացել են հունվար-փետրվար ամսներից.

«Մեզ մոտ էս խնդիրն այս սեզոնին առաջացել է  առաջին անգամ, նման բան, որ Լարսը 2-3 ամսով ցայտնոտի մեջ լիներ, չի եղել»:

Գործարար Սոկրատ Գրիգորյանն, ով զբաղվում է բազալտե մանրաթելի և դրանից պատրաստվող այլ արտադրատեսակների՝ բազալտե ամրանների, ցանցերի և այլ կոմպոզիտային նյութերի արտադրությամբ, նույնպես վստահեցնում է, որ որևէ բան հստակ պլանավորել հնարավոր չէ:

«Վերջին մի քանի տարին Լարսի ճանապարհն ավելի է ակտիվացել, իսկ այդ ճանապարհը որքան ակտիվանում է, խնդիրները շատանում են: Մեքենաների քանակը հենց սկսում է ավելանալ, խցանումներ են սկսվում, դրան գումարած՝ եղանակային հազար մի խնդիր կա, նոր օրենքներ են մտնում: Այսինքն անընդհատ ինչ-որ խնդիրներ են ի հայտ գալիս ու հիմանական խնդիրը հերթերն են արտահանման և ներմուծման ժամանակ:

Ես համաձայն եմ, որ ցանկացած բիզնեսմեն պարտավոր է հաշվի առնել, որ Լարսը խնդրահարույց է, պետք է դա հաշվի առնել, բայց ոչ 3-4 ամիս: Ընդունենք, որ նորմալ ժամանակ տևում է մեկ շաբաթ, հիմա թող մեկ շաբաթը դառնա 20 օր, բայց ոչ 3 ամիս»:

Գործարարը նաև առանձնացնում է լոգիստիկ խնդիրները. Լոգիստիկան գրեթե կրկնակի թանկացել է:

«Եթե ես նախկինում՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, ներմուծումն անում էի 2500-3000 դոլարի սահմաններում, հիմա 4000-5000-ի սահմաններում եմ անում: Ինչ վերաբերում է մաքսային ձևակերպումներին՝ մաքսային միության սահմաններում խնդիր չունենք: Իսկ ինչ վերաբերում է 3-րդ երկրներից կամ Եվրոպացից ու ԱՄՆ-ից ներմուծմանն ու արտահանմանը, դա անում ենք մինումում մեկ օր և ավել, բայց այդ գործընթացները պետք է արագ լինեն»:

Արտահանման խնդիրներների պատճառով տուժում է ոչ միայն արտադրողը, այլ նաև սպառողը, որովհետև չնախատեսված ծախսերի պարագայում ավելանում է նաև արտադրանքի ինքնարժեքը:

«Օրինակ՝ ես ունեմ քիմիական ագրեսիվ նյութ, որը ներկրում եմ Ռուսաստանից, այն հատուկ մեքենաներն են կարողանում բերել, բայց այդ հերթերի պատճառով մեքենաները հերթի մեջ էին և իմ բեռը, որը ձեռք բերեցի Ռուսաստանից, վատագույն դեպքում 15 օրում է միշտ հասել, եկավ հասավ մոտ 2,5 ամսում: Դրան գումարած այդ մեքենաները, որոնք վտանգավորության աստիճան ունեն, քանակով քիչ են ու հերթի մեջ էին մնացել, ու ես մեկ ամիս չէի կարողանում բարձել այդ ապրանքը մինչև էկավ, հասավ: Հետո ես ստիպված ավելի թանկ այդ նյութը գնեցի Վրաստանից ու ինքնարժեքը տեղական շուկայում բարձրացավ:

Հիմա իմ դեպքում, եթե այդ ապրանքը 3 ամիս ուշացավ, ես էլ ապրանքը Վրաստանից չկարողանայի բերել, այս շինարարարկան սեզոնը կկորցնեի: Ձմռանը շինարարություն չկա, ամենադժվար սեզոնն է, ես իմ ամբողջ ֆինանսական բարձը մաշում եմ և գարնանը սկսում եմ նոր պրոցեսի մեջ մտնել և կարելի է ասել զրոյից եմ սկսում: Հիմա, եթե ես ճանապարհը պլանավորում եմ 20 օր, բայց գալիս է 80-100 օր հետո, դա ինձ համար լուրջ խնդիր է»:

Լարսի խնդիրին պարբերաբար հայտարարություններով անդրադառնում են նաև կառավարությունից: Մասնավորապես Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարբեր առիթներով պատասխանելով անցակետի վերաբերյալ հարցերին միշտ վստահեցնում է, որ պարբերաբար բանակցում են, գործընկերների հետ հանդիպումներ են ունենում, բայց դրանք մինչև վերջ խնդիրները չեն լուծում:

Վերջին կառավարության նիստից հետո (07.07.2022) Yerevan.Today-ի հարցին, թե խնդիրը լուծելու համար ինչ քայլեր են ձեռնարկում, վստահեցրեց, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերը կվերանան և նման խնդիր այլևս չենք ունենա մինչև եղանակների վատանալը. «Եթե 2 ամիս առաջ օրական 130 հայկական մեքենա էր անցնում, հիմա 250 մեքենա է անցնում։ Սակայն խնդիրը մինչև վերջ չի լուծվել»:

Վահան Քերոբյանը նաև նշում է, որ աշխատանքներ են տանում այլ ճանապարհների բացման ուղղությամբ, որոնցից մեկն էլ լաստանավն է.

«Մենք մոտ ենք վերջնակետին` երեկ խոսել եմ մեր վրացի գործընկներների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին ի վերջո լուծում կստանա այս հարցը։ Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ հարցը լուծել. խնդիրը գերկարևոր է, քանի որ Հայաստանը պետք է ունանա լավ կապվածություն աշխարհի հետ»:

Նկատենք, որ մոտակա օրեր ասվածից արդեն անցել է 4 օր, բայց այլընտրանքային ճանապարհից դեռ որևէ նորություն չկա:

Ի դեպ, որպես այլընտրանքային միջոց լաստանավերի հարցն այս կառավարությունը դեռ շատ վաղուց է դրել շրջանառության մեջ ու խոստացել, որ հարցը կլուծվի, բայց մինչ օրս ինչպես տենում ենք՝ արտահանման հետ կապված հարցերը դեռ առկախված են:

Էմմա Հովսեփյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ