15 02 2022

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող կայքը Արարատ Միրզոյանին հավասարեցրեց թուրքական ագենտի

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող կայքը Արարատ Միրզոյանին հավասարեցրեց թուրքական ագենտի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող freenews.am-ը վերլուծական հոդված է գրել համեմատելով Ուկրաինայի և Հայաստանի ԱԳ նախարարներին։ Հոդվածի առաջին մասում գովաբանում է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային, որի գործունեությունը, ըստ կայքի, միտված է Ուկրաինայի ինքնիշխանության ու անկախ պետականության պահպանմանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, կայքը գրում է․ «Արարատ Միրզոյանի պարագային ԱԳՆ, ԱԳ նախարար հասկացությունները պետք է օգտագործել պայմանականորեն։ Նրա օրոք ՀՀ ԱԳՆ-ն ամուր կցվել է Բաքվի պահանջների ու իրավունքների փաստաբանությանը, ԱԳՆ պաշտոնական հայտարարությունների տեքստերը կազմվում են այդ տրամաբանությամբ։

Նրա նախորդները՝ Զոհրաբ Մնացականյանը եւ Արա Այվազյանը, փորձում էին բաց պահել հայկական իրավունքների ու շահերի պաշտպանության դուռը։ Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջեւանի եւ Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երեւանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»։

Բնականաբար, իշխանական կայքը երբ իշխանության ներկայացուցչի մասին նման հոդվածով է հանդես գալիս, դա կարելի է համարել հենց իշխանության ներսում նրա նկատմամբ կոնկրետ ձևավորված վերաբերմունքի, կամ կազմակերպված արշավի։ Սա կարելի է հասկանալ, որ գործողությունների նախերգանքն է։ Հնարավոր է, Փաշինյանը Արարատ Միրզոյանին ասել է, որ հրաժեշտ պետք է տա պաշտոնին, որին ընդամենը վերջերս է նշանակվել, իսկ նման հրապարակումներով օգնում է, արագ «շարժվել»։

Փաստորեն, Արարատ Միրզոյանի մասով իշխանության ու ընդդիմության դիրքորոշումը նույնն է՝ նա աշխատում է ի շահ մեր թշնամի պետության։ Չի փակվել նաև թուրքական գործակալ լինելու թեման, իսկ այսօր այդ ակնարկներն անում է ԱԺ նախագահի ընտանեկան լրատվամիջոցը։

Ի դեպ, հոդվածը հրապարակելուց մոտ մեկ ժամ անց, երբ այն արդեն տարածվել էր, կայքը հեռացրեց հարթակից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ