20 09 2016

Հրաժեշտ պաշտոններին

Հրաժեշտ պաշտոններին

Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստի ավարտին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին մաղթեց բարձր տրամադրություն, շատերը ընկալեցին այն որպես հեգնանք և պաշտոնից ազատելու բոթ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք նշանակում-ազատումներ կատարելու վերաբերյալ, ինչը փաստում է, որ «շատերը» ճիշտ էլ հասկացել էին:

Այսպես, Աշոտ Մանուկյանը նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Մինչ այս, էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Լևոն Յոլյանն էր, որը, փաստորեն, պաշտոնավարեց ընդամենը 7 ամիս: Նա նախարար էր նշանակվել 2016թ. փետրվարի 29-ին՝ ազատվելով վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից և նախարարի պաշտոնում փոխարինել Երվանդ Զախարյանին, որը նույնպես կարճ պաշտոնավարեց: 

Իգնատի Առաքելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար` այս պաշտոնին փոխարինելով Սերգո Կարապետյանին: Սերգո Կարապետյանն այդ պաշտոնին էր ՕԵԿ-ի քվոտայով, և մնաց պաշտոնին անգամ այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Իգնատի Առաքելյանը 2015 թվականից Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է:

Վահան Մարտիրոսյանը նշանակվեց տրանսպորտի և կապի նախարար՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին: Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է Երևանի քաղաքապետ և պաշտոնից ազատվել էր սկանդալային միջադեպի պատճառով:

Վարդան Արամյանն ազատվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և  նշանակվեց ֆինանսների նախարար: Այս պաշտոնին Արամյանը փոխարինում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին: Վարդան Արամյանը ՀՀ ֆինանսների փոխնխարարն էր մինչ 2013թ. սեպտեմբերի 5-ը, երբ նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Գագիկ Խաչատրյանը երկար ժամանակ ղեկավարեց պետեկամուտների կոմիտեն, հետո դրանք միացվեցին, ապա անջատվեցին, ապա միացան ֆինանսների նախարարությանը ու բոլոր ժամանակներում էլ նա ղեկավարեց: 2016թ. մարտի 1-ին, երբ կարճ ժամանակվա միավորումից հետո ՊԵԿ-ն առանձնացվեց, սկսեցին շրջանառել, որ Գագիկ Խաչատրյանը ևս հրաժեշտ է տալու արդեն վաղուց ղեկավարող ոլորտին:

Նոր նշանակված նախարարները, բացի ֆինանսների նախարարից, հանրության լայն շրջանակներին հայտնի չեն:

Հավելենք նաև, որ եթե նշված պաշտոնյաները չեն վերանշանակվել, դեռ չի նշանակում, որ այլ պաշտոնի չեն նշանակվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ