29 11 2021

Վանաձորի բժշկական կենտրոնում մարդ է մահանում, իսկ տնօրենն ակտիվ ընտրապայքարի է․ «ապագա կա» է քարոզում

Վանաձորի բժշկական կենտրոնում մարդ է մահանում, իսկ տնօրենն ակտիվ ընտրապայքարի է․ «ապագա կա» է քարոզում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքացին ահազանգել էր «Վանաձորի բժշկական կենտրունում» տիրող բարձիթողի վիճակի մասին: Նա, մասնավորապես, նշել էր, որ մայրը տեղափոխվել է Covid 19 ախտորոշմամբ, բայց բժիշկներն անգամ թոքերի հետազոտություն չեն արել: Դեպքի հետ կապված մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանին: Վերջինս, ի դեպ, Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի չորրորդ համարն է, իսկ ցուցակը գլխավորում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդի մեջ է, նախըտրական քարոզչություն է իրականացնում և տեղյակ չէ, թե ինչ իրավիճակ է հիվանդանոցում, այնուհետև հորդորեց քաղաքացուն դիմել ոստիկանություն: Ինչից հետո հեռախոսն անջատեց և այլևս չպատասխանեց մեր հարցերին:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է իշխանափոխությունից հետո: Նա Լոռու նակին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մտերիմ ընկերն է: Հետո նորից վերընտրվել է այդ պաշտոնում, քանի որ միայն ինքն էր առաջադրվել:

Բայց ստացվում է, որ Վահագն Խաչատրյանը Վանաձորում քարոզչություն է անում, բուկլետներ բաժանում, «ապագա կա» կոչեր անում, երբ ներկայում իր գլխավորած բուժկենտրոնում մարդիկ են մահանում ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով: Ինք էլ այնքան է տարված նախընտրական աշխատանքներով, որ անգամ չի հետաքրքրվում, թե ինչու է իր ղեկավարած հիվանդանոցում երիտասարդ կին մահանում: Հարց է առաջանում, եթե այս փուլում է նման իրավիճակ, ապա ի՞նչ է լինելու, երբ օրինակ Մկրտչյանի քաղաքական թիմը հաղթի Վանաձորում և ինքն էլ դառնա ավագանի։

Այս ֆոնին նաև հետաքրքիր է հիշել, թե ինչպես օրեր առաջ նույն Վանաձորում պոլիկլինիկայի բժշկին և գլխավոր բժշկին աշխատանքից ազատեցին մի «լայքի» պատճառով: Մամուլը գրել էր, որ բժիշկը լայքել էր մի հրապարակում, որտեղ Լոռու մարզպետ, այժմ նաև Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նկարով բուկլետն է՝ գետնին ընկած, նկարին կից էլ գրված՝ «աղբի տեղը աղբամանն է»։ Արդյունքում մարզպետի ուղիղ ցուցումով բժիշկն ու իր կոլեգային պաշտպանող գլխավոր բժիշկը ազատվել են աշխատանքից:

Հարց է առաջանում՝ եթե հիպոկրատի երդվյալներին չի թույլատրվում քաղաքականությամբ զբաղվել, ապա ինչու է Վանաձորի ԲԿ տնօրենը ընդգրկված ցուցակում, հետն էլ ակտիվ քարոզ անում, մասնակցում քաղաքացիների հետ հավաքներին, որտեղ, ի դեպ, չեն պահվում հակահամաճարակային միջոցները, համատարած դիմակ չեն կրում: Թե՞ հիպոկրատի երդվյալներին չի կարելի, բայց ՔՊ երդվյալներին կարելի է ամեն ինչ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ