01 09 2021

Այն, ինչ իշխանությունն անում է Արմեն Չարչյանի դեմ, տոտալիտարիզմի դրսևորում է. Հայկ Մամիջանյան

Այն, ինչ իշխանությունն անում է Արմեն Չարչյանի դեմ, տոտալիտարիզմի դրսևորում է. Հայկ Մամիջանյան

Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին և առաջին հերթին պատգամավորներին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորմանը:

«Ընդ որում, յուրաքանչյուր պատգամավորի պարագայում ընտրվում է ուրույն մեթոդ, մի պարագայում դա պարզապես որոշ օրենքների, Սահմանադրության խախտումներով բանտարկումն է, ես խոսում եմ քաղաքապետերի մասին, իսկ պրոֆեսոր Չարչյանի պարագայում, դա ոչ միայն անօրինական կալանավորումն է, այլ նաև վտանգ կա կյանքի ու առողջության համար: Պարոն Չարչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և հետաքրքիր է, որ մարդը, ով իր կյանքի ընթացքում հարյուրավոր կյանքեր է փրկել, այս պահին ինքն է վտանգված իշխանությունների կամայականությունների արդյունքում»:

Պատգամավորի կարծիքով՝ այն, ինչ իշխանությունների կողմից արվում է Արմեն Չարչյանի դեմ տոտալիտարիզմի դրսևորում է.

«Պետք է ասեմ, որ իրենք չարաչար սխալվում են, որովհետև ընդդիմադիրների շարքերում չկան այնպիսի մարդիկ, ովքեր վախենան ինչ-որ շինծու քրեական գործերից, ձերբակալություններից, կալանավորումներից: Իրենք այլ մեթոդ պետք է ընտրեն, որովհետև մենք նման բաներից չենք վախենում:

Ես կարծում եմ, որ իրենք ամեն ինչ անելու են մեզ լռեցնելու համար, բայց ես առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի անունից, վստահ եմ նաև «Հայաստան» դաշինքի  տրամաբանությունն էլ է հուշում, որ մեզ նման ձևով լռեցնել չեն կարողանալու, ինչ ուզում է թող անեն»:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում և նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ