18 08 2021

Լրագրողները կարող են աշխատել Ազգային ժողովի այգուց. նոր որոշում

Լրագրողները կարող են աշխատել Ազգային ժողովի այգուց. նոր որոշում

ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողնեը կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 «կողմ» և 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ