08 06 2021

Ռոբերտ Քոչարյանը կարողանում է հասարակության լայն շերտերի հետ երկխոսություն ծավալել. Սերգո Երիցյան

Ռոբերտ Քոչարյանը կարողանում է հասարակության լայն շերտերի հետ երկխոսություն ծավալել. Սերգո Երիցյան

Orer.ue-ն Հարցազրույց է հրապարակել բանսաիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի հետ․

-Պարոն Երիցյան Հայաստանի Հանրապետությունը ընտրական գործընթացների մեջ է։ Ի՞նչ մտահոգություններով եք գնում ընտրությունների։

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները աննախադեպ են նրանով, որ հասարակությունը կանգնած է ջրբաժանի առջև՝ շարունակել նույն կերպ, թե՞ ընդունել երկրի զարգացման նոր վերականգնողական ու իրատեսական ծրագիր։ Հայաստանի Հանրապետությունը աննախադեպ տարածքային կորուստներ ունեցավ, որն ուղեկցվել է մատաղ սերնդի անդառնալի կորստով, ունենք կառավարման խորը ճգնաժամ, սոցիալական ցնցումներ։

Ժողովրդավարությունը պետության և հասարակության առջև կանգնած խնդիրների լուծման այլ բանաձև դեռևս չունի, քան արտահերթ ընտրություններն են, ինչը նշանակում է նախորդ ընտրություններում ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժը, մեղմ ասած, չի արդարացրել հանրության սպասելիքները։

-Պարոն Երիցյան, ունե՞ք Հայաստանի ապագայի տեսլականը, արդյո՞ք հնարավոր է երկիրը բերել զարգացման ուղի, ինչպե՞ս է դա հնարավոր անել։

-Մենք ապրում ենք հնարավորությունների դարաշրջանում, սակայն չենք ուզում տեսնել այդ հնարավորությունները, քանի որ պարփակվել ենք մեր կաղապարների մեջ։ Վերջին տարիներին մեր հասարակությանը հրամցված դատարկ լոզունգները, ատելության սերմանման վրա խարսխված քաղաքականությունը իրենց արդյունքը տվել են, և հիմա ունենք անհանգիստ, նյարդային, իրար հանդեպ անվստահությամբ լցված, խաբված հասարակություն։

Զարգացման բանաձևը շատ պարզ է․ օրնիբուն աշխատանք, հմուտ, բանիմաց, ազգային մտածելակերպ ունեցող մասնագետների, քաղաքական գործիչների ներգրավում պետականաշինության գործին։ Ցանկացած լավ միտք, ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե կատարողը տարրական գիտելիքներ չունի։ Այս ամենի մեջ կարևորում եմ քաղաքական իրական պատասխանատվությունը և խարիզմատիկ առաջնորդի առկայությունը։ Ցանկացած բարեփոխում իր հիմքում պետք է ունենա քաղաքական կամք, որոշում ընդունելու կարողություն և ծրագրերի իրագործման հաստատակամություն։

-Ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Ուժերի ինչպիսի՞ դասավորություն եք պատկերացնում։

-Քաղաքական կանխատեսումները անշնորհակալ, անպտուղ գործ են։ Ակնկալիքս մեկն է՝ հասարակության համախմբում և հետագա քրտնաջան աշխատանք հաղթանակած քաղաքական ծրագրի իրագործման համար։ Եթե մենք կարողանանք Ազգային ժողովում վերականգնել երկար տարիներ խախտված հավասարակշռությունը, ապա քաղաքական մրցակցությունը կմեծանա, առաջ կգան երկրի զարգացման օրակարգին պիտանի մտահղացումներ և ծրագրեր, ինչը զարգացման կարևոր գրավականն է։

-Ինչպիսի՞ կառավարություն եք պատկերացնում, քաղաքական, թե՞ տեխնոկրատ, որի մասին ավելի հաճախ են խոսում վերջերս։

-Այս շրջափուլում իրենց ոլորտներում կայացած մասնագետների ներգրավումը ուղղակի անհրաժեշտություն է, կառավարությունը պետք անընդհատ ազդակներ ունենա կառավարման ստորին օղակներից, իսկ մասնագիտական թիմը կարողանա այն գեներացնել։ Հուսամ այս երկուսի՝ մասնագետների և քաղաքական գործիչների հետաքրքիր համադրում կունենանք, նաև երիտասարդության ավյունը և գիտելիքները լայնորեն կօգտագործվեն։ Մի բան հաստատապես կարող եմ ասել, որ ապագա կառավարությունում աշխատելը ավելի շատ պատասխանատվություն է լինելու, ավելի շատ հոգս, քան երբևէ։ Ամեն դեպքում բոլոր ուժերը, եթե չեն կարողանում օգտակար լինել, պետք է ձեռնպահ մնան խանգարելուց, հաջորդ կառավարության հաջողությունը երկրի լինելության հարցն է։

-Պարոն Երիցյան ունեք նախընտրելի քաղաքական ուժ, ում հետ կապում եք Հայաստանի ապագան։

-Անշուշտ իմ նախընտրելի քաղաքական ուժը <<Հայաստան>> դաշինքն է, իսկ վարչապետի թեկնածուն Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իմ ընտրության հիմքում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիների համատեղ աշխատանքն ու տեսանելի արդյունքները՝ բարեփոխումները։

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը խիստ կարիք ունեն փորձառու, հմուտ, հավասարակշիռ, միջազգային լայն կապեր ունեցող ղեկավարի։ Մեծ շռայլություն կլինի այդ հմտությունները, գիտելիքները, կապերը չօգտագործելը։

Փոթորկվող տարածաշրջանը, Հայաստանի վրա կախված վերահաս վտանգները պետք է մեզ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման մոտեցումների և ապագայի տեսլականի մասին լուրջ մտորելու առիթներ տան։ Այսօր Հայաստանի տնտեսական զարգացման, անվտանգային միջավայրի բարելավման համար այլ իրատեսական ծրագրեր չկան։

 Ռոբերտ Քոչարյանը կարողանում է հասարակության լայն շերտերի հետ երկխոսություն ծավալել, ցանկացած մասնագիտական հանրույթի առջև հանդես գալ իրենց հուզող խնդիրների անկեղծ պատասխաններով՝ յուրաքանչյուրի առջև պարզ ճակատով, մարդկանց աչքերի մեջ նայելով և անցյալի կատարածը գնահատելու ու նախանշելու ապագան։ Դրանով հիմք կդրվի հասարակության և ապագա իշխանության միջև երկխոսության ու փոխվստահության ամուր կապին։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ