08 06 2021

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ որևէ սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք․ Ռոբերտ Քոչարյան



Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը չափազանց փոքր էր։ Մենք այդ հաղթանակն ունեցանք մի քանի պատճառներով։ Առաջինը՝ կարողացել ենք կազմակերպել և բանակում ճիշտ մարդկանց վրա հենվել, ճիշտ հրամանատարական կազմ ունենալ։ Ամենակարևորը, որ այն ժամանակ մեզ հաջողվեց ունենալ մի կուռ ու միասնական բռունցք, թիկունք, բանակ, ժողովուրդ, կամավորական ջոկատներից անցանք բանակի, կարգապահություն կար։ Այս մասին Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պատերազմ կառավարելու այնպիսի մոդել կիրառեցինք, որ ամբողջ ազգը մի բռունցքի պես էր։ Այն աժամանակ մենք երբեք որևէ սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք, որ կորցրել ենք, եթե առաջ ենք գնացել, ասել ենք՝ առաջ ենք գնացել։ Այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որ զինվորը վստահում էր հրամանատարին, իսկ հրամանատարը չէր վախենում առաջ գնալուց։

Այն, ինչ կատարվեց հիմա․․․ ես համոզված եմ, որ չպիտի պարտվեինք։ Այլ հարց է, որ պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր, հրահրված էր հայկական իշխանությունների կողմից։ Երկրորդ՝ այս մարդիկ արեցին ամեն ինչ, որ մենք պարտվենք այս պատերազմում։ Հենց այս պատերազմում մեր պարտությունը պատահականություն է, որովհետև պատահականորեն մեր երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է պետական կառավարումը, ինչ է պատերազմը, չի տարբերում ինքնաձիգը գնդացիրից և բացարձակ պատկերացում չունի՝ ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ