18 03 2021

Խաբեության կրկնություն․ Լիա Իվանյան․ Panorama.am

Խաբեության կրկնություն․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Հիշեցնենք  2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլի» կարգախոսը՝  «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։

Կյանքը ցույց տվեց, որ այս կարգախոսն իրագործվեց 180 աստիճան շրջված վիճակում և այսօր ունենք «դժբախտ անհատներ, պառակտված հանրություն, կապիտուլացված պետություն»։ 

Ներողություն խնդրեցի՞ն իմքայլականները 884 հազար ընտրողներից՝ նրանց այսքան դաժանորեն  խաբելու համար։ Իհարկե ոչ։ Էլ չենք ասում, որ դեռ պետք է պարզել՝ հիշո՞ւմ են արդյոք այդ կարգախոսը, թե պարզապես 2018-ի էյֆորիայում հարկ չհամարեցին «մանրանալ» խոստում-կարգախոսների մեջ․ միևնույն է՝ անհրաժեշտ ընտրազանգվածն արդեն  հասցված էր եռման կետին։  Ստերին հավատացած այդ  884 հազար ընտրողները նպաստեցին օտարի դրածոներին զավթել իշխանությունը և ընդամենը 2,5 տարում Հայաստանը դարձնել կործանման եզրին կանգնած պետություն։

Այդ 884 հազարի գոնե մի մասը չի՞ ուզում իրենց ընտրյալներից բացատրություն պահանջել խաբելու համար, կամ զրկել նրանց իրենց ներկայացնելու մանդատից։ Թե ժամանակին իրենց ձայնը նվիրեցին պոպուլիստին, երկիրը գցեցին քաոսի մեջ, և հիմա լավագույն դեպքում ապաշխարում են «ձեռքս կոտրվեր չընտրեի» ասելով։ Սխալվել կարող են բոլորը, բայց մեծ վտանգ կա, որ նույն այդ հատվածի մի մասը նույն սխալը գիտակցաբար կարող է կրկնել նաև 2021-ին հայտարարված ընտրություններում։

Տարօրինակը սպասվելիք ընտրությունները չեն, այլ այն, որ այդ մասին հայտարարում է մեկը, ով վերջին 4 ամսում պետք է կալանավորված լիներ, ինքնասպան եղած լիներ, երկրից փախած լիներ, անհետացած լիներ, բայց ոչ երբեք շարունակեր վարչապետ աշխատել։ Ոստիկաններով և դիպուկահարներով տեղաշարժվելը վկայում են, որ նա չի ազատվել նոյեմբերի 10-ի  ստորագրությունից հետո իրեն համակած վախերից և չի մտածում թե իրեն սպառնացող վտանգն անցած է։

Ամեն օր ամեն 100 մետրի համար ավելի ու ավելի մեծ թվով ոստիկաններ են պահանջվում, և աբսուրդ է պատկերացնել, որ այսպիսի սարսափով ապրող անձը կարող է նախընտրական քարոզչություն անցկացնել ընտրողների հետ։ Այս ամենը տպավորություն է թողնում, որ սա Նիկոլի հերթական ինտրիգն է՝ օր ավելի վարչապետական վայելքներից օգտվելու համար։

Իսկ իրականում հայի պահանջը նրան այլևս չտեսնելն է, նա պետք է հեռացվի-պոկվի աթոռից։ Ընտրությունները, երբ էլ դրանք լինեն, պետք է առանց նրա ներկայության ու մասնակցության լինեն։ Նիկոլն ու իր թիմի կարկառուն ներկայացուցիչները պետք է մտքերից հանեն Հայաստանի քաղաքական կյանքում իրենց որևէ մասնակցության հնարավորությունը։ Որովհետև եթե իրենց արժանի պատիժը չստանան դեմքները պատռված այսօրվա դավաճանները, սորոսականները, գործակալներն ու թշնամու դրածոները՝ ապա երբեք իրավունք չենք ունենա երազել, որ  «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» (ՀՀ Սահմանադրություն․ հոդված 1)։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ