Պարզվում է, որ պատգամավորի խուլիգանական վարքում ՀՔԾ-ն հանցակազմ չտեսավ, և քրեական գործ հարուցելու հիմքեր չհայտնաբերեց։ Այն, ինչ բոլորս տեսանյութում տեսնում ենք, Սասուն Խաչատրյանի հիմնարկը չի տեսնում, անգամ հնարավոր է՝ այդ արարքը բարձր է գնահատում։
Հիշեցնեմ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») Հունվարի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտել էր Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի գործունեությունը, երբ վերջինս հարցեր էր ուղղում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։ Նա քաշել էր լրագրողի թևից և զրկել հարց տալու հնարավորությունից։ Հետո, երբ լրագրողը մոտեցել էր ու պահանջել բացատրություն իր թևից քաշելու համար, պատգամավորը ասել էր, թե հարցազրույց չի տալիս։ Տեսանյութում պարզ երևում է՝ լրագրողը բացատրում է, որ հարցազրույց չի ուզում, այլ պահանջում է բացատրություն տալ և միգուցե ներողություն խնդրելով` հարթել միջադեպը։ Հայկ Սարգսյանը երկար «ֆռռացնելուց հետո» խլում է լրագրողի միկրոֆոնը և մտում իր աշխատասենյակ՝ փակելով դուռը։ Լրագրողները շուրջ 20 րոպե դռան հետևից պահանջում են վերադարձել միկրոֆոնը, որը վերադարձվում է։
Yerevan.Today-ը պատգամավորի վարքի առիթով հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, դեպքը ուսումնասիրելու և ընթացք տալու։ Քննիչ Լ․ Ստեփանյանը դիտում է տեսանյութը և արձանագրում, որ Հայկ Սարգսյանը իսկապես քաշում է լրագրողի թևից։ Հետո հրավիրում է Հայկ Սարգսյանին բացատրություն տալու․ սա էլ ասում է, որ «ՀՀ ԱԺ միջանցքում Գագիկ Ջհանգիրյանին մոտեցել են բազմաթիվ լրագրողներ, ցանկացել են հարցեր տալ, սակայն Ջհանգիրյանը չի ցանկացել պատասխանել նրանց հարցերին։ Աստիճանահարթակի վրա տեսնելով, որ լրագրողները հետապնդում են Գագիկ Ջհանգիրյանին, իսկ վերջինս չի ցանկանում պատասխանել նրանց հարցերին, բռնել է Yerevan.Today կայքի լրագրողի ձեռքից, քանի որ վերջինս քայլել է Գագիկ Ջհանգիրյանի հետևից շատ մոտ և իրեն թվացել է, որ վերջինս կարող է հպվել Գագիկ Ջհանգիրյանին, ինչի հետևանքով վերջինս կարող է վայր ընկնել» և այլն և այլն: Պատգամավորը նաև ասել է, որ դեռ մի բան էլ Սյուզի Բադոյանն է խոչընդոտել իր աշխատանքները։ Հայկ Սարգսյանը ՀՔԾ քննիչին ասել է, որ նպատակ չի ունեցել խոչընդոտելու լրագրողի մասնագիտական օրինական գործությունը։
ՀՔԾ-ն էլ որոշել է, որ ուրեմն հանցակազմ չկա, քանի որ, ըստ տրամաբանության, Շիշ բռնողը իրականում ոչ թե հանցագործ է, այլ Գագիկ Ջհանգիրյանին երկրորդ կյանք նվիրած ասպետ, և Ջհանգիրյանը ամբողջ կյանքում պետք է մոմ վառի Շիշ բռնողի առաջ, որ նա գոյություն ունի, թե չէ ԲԴԽ-ն անցյալով կխոսեր իր նոր անդամի մասին։
Հայկ Սարգսյանը ստում է, լրագրողները Ջհանգիրյանին չեն մոտեցել ԱԺ միջանցքում և նա չի մերժել հարցերը։ Լրագրողները մինչ միջանցք հասնելը բազմաթիվ հարցեր են ուղղել Ջհանգիրյանին, նա պատասխանել է, որից հետո շարունակել է որոշ պատասխաններ տալ միջանցքով վազելուն զուգընթաց։
Այնպես որ, պատգամավորը լավ չի տեսել կամ լավ չի ընկալել տեսածը։ Բայց ահա տեսանյութերում բոլորի, ու պատկերացրեք, որ անգամ Հայկ Սարգսյանի ու քննիչ Լ․ Ստեփանյանի համար բավականին պարզ երևում է, որ Հայկ Սարգսյանը քաշում է լրագրողի թևից ու չի թողնում հարց տալ, իսկ իր աշխատասենյակի մոտ էլ գողանում է միկրոֆոնը։
Հետաքրքիր է նաև քննիչ Լ․ Ստեփանյանի՝ գործի հարուցումը մերժելու մղումները․ ինչպե՞ս, օրինակ, նա որոշեց բացատրություն տալու համար հրավիրել Հայկ Սարգսյանին, բայց չհրավիրել Սյուզի Բադոյանին կամ ինձ՝ կայքի գլխավոր խմբագրիս։ Ի՞նչ որակի քննիչ է նա, որ մեկ կողմին լսելով ամբողջ կատարվածը պատկերում է։
Ստացվում է, որ լրագրողի՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ թևից քաշելով աշխատանքին խոչընդոտելն ու այնուհետ միկրոֆոն խլելով՝ գողանալը՝ նորմալ է, այսինքն՝ կարելի է։
Խնդրեմ, հարգելի պատգամավորներ, կարող եք հանգիստ խլել «Ազատություն ռադիոկայանի», Հ1-ի ու մյուս բոլոր լրագրողների միկրոֆոնները, ՀՔԾ-ն դա համարում է նորմալ երևույթ։ Կարող եք լրագրողի թևից քաշել և թույլ չտալ, որ աշխատի։ Եթե, իհարկե, ձեզ թվում է, որ այդ պահին հարցեր չպիտի տրվեն։
Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահ համակարգը ապացուցում է իր՝ անգամ այս տրամաչափի, բայց իշխանության ներկայացուցիչներից ոչ անկախ լինելը և աչք է փակում անգամ ակնհայտ և տեսագրված ապօրինությունների վրա։
Կարելի է ենթադրել, որ շուտով ականատես կլինենք նաև գլխավոր դատախազության մերժմանը։ Նրանք, հավանաբար, ևս հանցակազմ չեն տեսնի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը