11 01 2021

Մեր նպատակը Փաշինյանին սատկացնելը չէ, այլ հեռացնելն ու էս երկիրը փրկելն է. Իշխան Սաղաթելյան

Մեր նպատակը Փաշինյանին սատկացնելը չէ, այլ հեռացնելն ու էս երկիրը փրկելն է. Իշխան Սաղաթելյան

Մենք ընդհանրապես իր որևէ այցից դրական ակնկալիք չունենք, որովհետև անցնող ժամանակահատվածը ցույց է տվել, որ իր բոլոր որոշումները, հանդիպումները, քայլերն ու գործողությունները չեն բխում մեր պետության և ժողովրդի շահերից: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այցին Մոսկվա և սպասվող հանդիպմանն ու նոր պայմանավորվածություններին:

Նշենք, որ այսօր քաղաքացիները, վարչապետի այցը Մոսկվա վտանգավոր համարելով, փորձել էին փակել օդանավակայան գնացող ճանապարհը, սակայն նրանցից առաջ ԱԱԾ-ի ու ոստիկանության դիմակավորված աշխատակիցներն էին փակել ճանապարհը, այդ իսկ պատճառով Փաշինյանին հաջողվեց գնալ: Հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ, երբ փորձ է կատարվում փակել վարչապետի ճանապարհը, այդ գործողությունները հաջողությամբ չեն պսակվում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Դա մի խումբ քաղաքացիների նախաձեռնություն է եղել, որին նաև մասնակցություն են ունեցել շարժման բազմաթիվ անդամներ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առավոտ ժամը 6-ից ամբողջ ներքին զորքերը, ԱԱԾ 10-րդ վարչությունը, մեծ թվով ոստիկաններ ամբողջ ճանապարհները փակել էին  և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենա, և ըստ էության այդ մարդը երկրի տարածքում, արդեն նույնիսկ Երևանում շարժվում է ներքին զորքերի, ոստիկանության, ԱԱԾ-ի ուղեկցությամբ: Ինքը մշտապես, քանի դեռ կառչած է այդ աթոռից, մեր երկրում ազատ շարժվելու իրավունք չի ունենալու»: 

Ինչ վերաբերում է ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, որ պետք է ավելի առարկայական և արդյունավետ քայլեր արվեն Փաշինյանի հրաժարականի պահանջին հասնելու համար, Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա:

«Իրավիճակը ճիշտ և ամբողջական պետք է հասկանալ, երբ ասում են վճռական քայլեր չեք անում, ուզում եմ հասկանալ՝ վճռական քայլեր ասելով ի՞նչ նկատի ունեն: Այսօր հիմնական կոչերը քաղաքացիներից այն է, որ գնացե՛ք, գրավե՛ք, սատկացրե՛ք, գյուլե՛ք, որովհետև դավաճան է: Մենք այդ ճանապարհը չենք ընտրել, որովհետև մեր գլխավոր նպատակը իրեն սատկացնելը չէ, այլ հեռացնելն ու էս երկիրը փրկելն է, իսկ մեր գործղությունների մեջ վճռականության պակաս չի եղել: Հիմա, որ ասում եք՝ կոչ ենք արել փակել կառավարության շնեքը, դա հիմա վճռակա՞ն էր, թե՞ վճռական չէր, այսինքն եթե քաղաքացիներից ոմանք տունը նստում և կոչ են անում, կամ փորձում են շարժումը թուլացնել ասելով վճռական չեք, պետք է ակտիվ մասնակցություն ունենան, որպեսզի պայքարն ամբողջական հաջողի: Ամեն դեպքում վստահեցնում եմ, որ մենք շատ հետևողական, համառ, աննահանջ պայքարի արդյունքում միասին պետք է հասնենք հաջողության, որովհետև այլ տարբերակ չկա: Ես նաև հասկանում եմ մեր քաղաքացիների զայրույթը և ամբողջությամբ կիսում եմ այս զայրույթը, որ րոպե առաջ պետք է հեռացնել ու մենք այդ մասին ասել ենք դեռևս երկու ամիս առաջ, բայց փաստն այն է, որ այս մարդը կառչել է աթոռին ու և չի գիտակցում, որ իրավամբ իրեն չպատկանող աթոռից կառչած կարող է շարունակել պաշտոնավարել»:

Նշենք նաև, որ նախօրեին տեղի էր ունեցել շարժման առաջնորդների հանդիպումն արտաքին գործերի նախարարի հետ: Քանի որ որևէ հայտարարություն չէր եղել հանդիպման մասին, թե կոնկիրետ ինչ է քննարկվել և ինչ հարցերի է անդրադարձ եղել, խնդրեցինք Իշխան Սաղաթելյանին պարզաբանել հանդիպումից մանրամասներ, սակայն նա նշեց, որ դետալներին անդրադառնալ չի ցանկանում՝ ընդգծելով, որ իրենց մտահոգությունները շարունակում են մնալ նույնը, և դրանք չեն փարատվել:

«Հայտարարությամբ մենք նշել ենք, որ խոսել ենք բազմաթիվ հարցերի մասին, ստացել ենք որոշ հարցերի պարզաբանումներ: Պատկերը հետևյալն է՝ մենք եթե գերհզոր արտաքին գործերի նախարարություն էլ ունենայինք, միևնույնն է, քանի որ պետությունը չունի գլուխ, արտաքին գործերի նախարարության քայլերը արդյունք չեն տալու: Եվ մենք չէինք գնացել ինչ-որ համաձայնության գալու կամ չգալու, մենք գնացել էինք մեզ հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ու ստացել ենք, բայց շատ դետալների մեջ չխորանամ: Եթե չկա պետության գլուխ, չկա վարչապետ, կա մի անհասկանալի քաղաքականություն վարող անձ, արտաքին գործերի նախարարության գործունեությունը շարունակելու է մնալ անարդյունավետ»:

Եզրափակելով Իշխան Սաղաթելյանը նաև վստահություն է հայտնում՝ եթե չնայած իրենց պայքարին՝ Փաշինյանը մինչև հիմա չի հեռացել, դա չի նշանակում, որ «Հայրենիքի փրկության շարժումը» արդյունքներ չի ունեցել. «Անշուշտ վերջնական արդյունքի չենք հասել, քանի որ դավաճանը շարունակում է գտնվել իր տեղում, բայց երբ ինքը չի կարողանում այսօր մտնել եկեղեցի, Հայաստանի տարածքով ազատ շարժվել, այս ամենը մեր շարժման ու ժողովրդի անմիջական ձեռքբերումն է, որը գնալով հասնելու է իր վերջնական հաղթանակին»:

Իսկ այսօր մոսկովյան հանդիպումով պայմանավորված ակցիաներ դեռ չեն նախատեսվում. «Մենք հայտարարել ենք, որ յուրաքանչյուր օր տարբեր տիպի ակցիաներ իրականացնելու ենք, այսօր կոնկրետ հանրահավաք կամ այլ բան նախատեսված չէ, սակայն ըստ իրադարձությունների զարգացման քայլեր կձեռնարկենք: Ասեմ, որ առաջիկա օրերին նաև Հայաստանի տարեբեր մարզեր և քաղաքաներ այցելություններ կլինեն»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ