08 12 2020

Հրաժարական է տվել Գարիկ Սարգսյանը, կտեղափոխվի Երևան

Հրաժարական է տվել Գարիկ Սարգսյանը, կտեղափոխվի Երևան

Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երևան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թևոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում և վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թևոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։

Կառավարությունից մեր հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թևանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today֊ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թևոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը և կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ