13 11 2020

Մտածել ե՞ս՝ հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ․ ի՞նչ խղճով ես ապրելու․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Մտածել ե՞ս՝ հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ․ ի՞նչ խղճով ես ապրելու․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Նիկոլ, այսօրվա հարցազրույցումդ ասում ես, որ ստորագրածդ խայտառակ փաստաթղթում կան այնպիսի անորոշություններ, ինչպես մինչ այդ քննարկված փաստաթղթերում, պայմանական ասած, մադրիդյան փաստաթղթի տարբեր մշակումներում։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ասում ես, որ դրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանվել։

Ախր, դու հասկանում ե՞ս, թե մեզ, մեր ժողովրդին դժոխքի դուռն ես հասցրել, իսկ դու քո բերանով խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների և հեռանկարի ներքո, որովհետև ստորագրածդ հայտարարությունում ամենահստակը, ցավոք, տարածքներ հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմներն ու բազմաթիվ ձևակերպումներ ոչ միանշանակ, անորոշ։

Ի դեպ, կրկնում եմ՝ ինչպես ինքդ այսօրվա հարցազրույցում նշեցիր։

Չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացել ե՞ս, թե բանավոր պարտադրել են, իսկ տեքստն ու դրա առանձնահատկություններն արդեն կարևոր էլ չեն եղել քեզ համար։

Երկրորդ, ստորագրելիս ժամանակ ունեցել ե՞ս մտորելու, մարսելու, ի վերջո հասկանալու այն, ինչի տակ ստորագրել ես։

Երրորդ, ինձ շատ զարմացնում է, թե ինչպիսի թեթևությամբ ես խոսում մեծ տարածքներ կորցնելու, մյուս մասը հանձնելու և արձանագրված մեծաթիվ զոհերի և վիրավորների մասին։

Եվ վերջինը, Նիկոլ, իսկ այսօր օրերին մտածել ե՞ս արդյոք, որ առաջիկա տարիների, դարերի հեռավորության վրա հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ։ Ո՞նց, ի՞նչ խղճով ես ապրել և ապրելու»,-գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ