27  11  2015

Էդվարդ Նալբանդյանը ԵՄ հետ նոր շրջանակային փաստաթղթի հույս ունի

Էդվարդ Նալբանդյանը ԵՄ հետ նոր շրջանակային փաստաթղթի հույս ունի

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա են եղել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար:

Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և մեծապես կարևորեց նրանում գործընկեր պետություններին ներգրավելու ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի և հանձնակատար Հանի նախաձեռնությունը: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի` նախորդ շաբաթվա քննարկումների արդյունքը լիովին արտացոլում էր գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումները։

Մինսկում մեր վերջին հանդիպումից հետո մի շարք կարևոր զարգացումներ են արձանագրվել: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար»,- ելույթում ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ անցկացված բանակցությունների արդյունքում Հայաստանն ակնկալում է մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել՝ մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել` ստորագրելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը՝ Բաց երկնքի քաղաքականության միջոցով ավիացիոն շուկան ազատականացնելուց հետո:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու»,- ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ