28 04 2020

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային  ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ