21 03 2020

Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ. Արմեն Սարգսյանը` Արցախում

Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ. Արմեն Սարգսյանը` Արցախում

«Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդհանուր իրավիճակի, այս օրերին սահմաններում տիրող իրավիճակի մասին։ Իհարկե, իմ այցելության ընթացքում չենք կարող չխոսել նաև Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների, ներդրումների հնարավորությունների մասին: Այս մասին իր Արցախ այցելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահն ասել է, որ թեև իր այցը որևէ կապ չունի Արցախում կայանալիք ընտրությունների հետ, այնուամենայնիվ, հետաքրքրված է, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարված։

«Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ։ Սակայն գուցե առիթն օգտագործեմ՝ դիմելու բոլոր թեկնածուներին, նախ և առաջ նրանցից յուրաքանչյուրին մաղթելով հաջողություն, մաղթել հաջողություն ողջ Արցախին: Շատ էական է, որ այս ընտրություններն անցնեն ազատ, անցնեն ինչ-որ իմաստով անկախ՝ արտաքին կամ որևէ ուրիշ գործոններից։

Շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար։ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, հաղթած ժողովուրդ։ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ։ Այս անգամ կլինի քաղաքական հաղթանակ՝ ցույց տալով բոլորին, նախ և առաջ իրենց՝ արցախցիներին, ողջ հայ ժողովրդին, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամներին և նրանց, ովքեր բարեկամ չեն, այլ՝ հակառակորդ են կամ թշնամի, որ այս պետությունը՝ Արցախի Հանրապետությունն, ամուր է, ունի հոյակապ կազմակերպված կառույցներ։ Այս պետությունը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տնտեսությամբ, իր բանակով, իր նվիրումով։ Սա նաև ժողովրդավարական, ժամանակակից պետություն է, որովհետև իրականում արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ գործընթացին կա մեկ այլընտրանք՝ ամուր, հզոր Արցախի Հանրապետություն։ Այս ընտրությունները կարող են շատ էական, շատ կարևոր ներդրում լինել այդ կարևոր գործում, որովհետև հաղթանակները տանում են ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև քաղաքական և միջազգային ատյաններում։ Եւ Արցախի Հանրապետության ապագա նախագահը և նրա գործընկերներն իրենց ուսերին պետք է կրեն նաև այդ բեռը։

Հաղթանակները լինում են ընտանիքի ներսում, երբ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ են, թե որտեղ են ապրում, ինչպիսի երկրում, ուրախ, որ այն, ինչ տեղի է ունենում իրենց մեծ ընտանիքում, արդար է։ Մի՛ մոռացեք, որ ազատությունը, արդարությունը, արդար ընտրությունները նաև Արցախի Հանրապետության անվտանգության գրավականներից մեկն են դառնալու, որովհետև այն նոր առաջնորդները, որոնք կգան փոխարինելու, ամուր ոտքերի վրա կանգնած կլինեն, ավելի վստահ։

Հուսով եմ, որ ընտրություններից հետո առիթ կունենամ շնորհավորել և՛ նորընտիր խորհրդարանին, և՛ հանրապետության նորընտիր նախագահին, ինչպես նաև շնորհավորել բոլոր չընտրված թեկնածուներին, որ արդար մրցակցության մեջ ստացել են այն ձայները, որոնց նրանք ա՛յս պահին արժանի են։ Ասում եմ՝ ա՛յս պահին, որովհետև կարող է վաղը այլ քանակի ձայներ լինեն։ Հերոս արցախցու նույնիսկ մեկ ձայնն արժեք ունի, հետևաբար, անկախ նրանից, թե թեկնածուներից յուրաքանչյուրը որքան ձայն է հավաքելու, դրանք իրենց ձայներն են, Արցախի ժողովրդի վստահության ձայներն են։ Թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցել են, որ այս ժողովրդի փայլուն զավակներն են տարբեր ոլորտներում։

Շատ էական է, որ այս ընտրություններից երկիրը դուրս գա կազմակերպված, կարգապահ, ավելի համախմբված։ Արցախի ժողովուրդը պետք է այս ճակատամարտում էլ հաղթի։ Հաղթել է ռազմի դաշտում, հաղթել է պետություն կառուցելու գործում, վստահ եմ՝ հաղթելու է նաև այս քաղաքական ընտրությունների ընթացքում»,-նշել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը հավելել է, որ Արցախ հաճախ է այցելում, այցելում է ինչ-որ իմաստով որպես տուն եւ  հավելել, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ