Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։
ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության կողմից ընդունած որոշումների կատարման ընթացքին:
ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ է կատարել նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրել ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը