Դեռևս մայիսին գրել էի, որ հեղափոխությունը պետք է փրկել հեղափոխականներից. ֆեսյբուքյան իր էջում հիշեցրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Դրանից հետո ինձ մեղադրում էին, թե ինչու եմ նման բան գրել: Եթե այդ ժամանակ փորձեի բացատրել, չէին ընդունի, հիմա երևի արդեն ժամանակն է:
Ինքնաթիռը թռիչքից առաջ անցնում է տեխնիկական թեսթավորում, եթե որևէ ցուցիչ չի համապատասխանում նորմատիվներին, ապա թռիչքը չի կայանում: Նույն բանը «հեղափոխության» ժամանակն էր, «ինքնաթիռը» թեսթավորման նորմատիվներին չէր համապատասխանում: էկիպաժը` հեղափոխականները, բացարձականապես գաղափար չունեին ոչ «ինքնաթիռի» կառուցվածքի, տեխնիկական չափորոշիչների, ավելին` առաջին անգամ էին նստում ղեկին ու պատկերացում չունեին երթուղու մասին, ինչը վթարի հավանականությունը մեծացնում էր մինչև դրա կանխարոշվածության աստիճանի:
Ապշեցուցիչ էր «ուղևորների» պահվածքը` նման ինքնաթիռ նստելու ցանկության էյֆորիան:
Դա չի նշանակում, որ իշխանափոխություն չպետք է լիներ, դա մեր փրկվելու միակ շանսն էր և մեզանից շատերը ջանքեր են թափել այդ օրը մոտեցնելու համար:
Հիմա եկել է ընտրության ժամանակը: Մենք սովորական խորհրդարան չենք ընտրում, մենք երկրի ճակատագիրն ենք որոշում, բայց իրականում ընտրելու բան չունենք, այսինքն հեղափոխության շարունակությունը ոչ մի քաղաքական ուժ իր վրա չի վերցնում, ընդամենը իշխելու խնդիր է դրված:
Բա հիմա ինչ անենք:
Հեղափոխությունը պետք է շարունակություն ունենա: Եթե այս կարճ ժամանակում մի քանի մասնակից կուսակցություններ ի վիճակի լինեն հռչակագիր ստորագրել հեղափոխության հետագա օրակարգի (դրա մոտավոր ցանկը գրել եմ, կարելի է լրացնել) և դրանից հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին, ապա կարելի է դրանց ձայն տալ: Սա վերջին տարբերակն է այս փուլում հեղափոխությունը փրկելու համար:
Որքան էլ դաժան չհնչի, այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն ավելի հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն, դա էլ մեր ժամանակի տրագիկոմեդիայի ժանրից է»,- ասված է Ստեփան Դանիելյանի գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը