26 07 2018

Փաշինյանը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Փաշինյանը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Իլհամ Ալիևի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին, երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին:

ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով Փաշինյանը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վարչապետը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:

Փաշինյանը նշել է նաև, որ երկրում իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ է ստեղծվել բիզնեսի համար: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրումի անվտանգությունը:

Վարչապետը հարցազրույց է տվել նաև Эхо Москвы ռադիոկայանին՝ քննարկելով տարատեսակ հարցեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ին անդամակցության հավանականությունը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կձգտի դեպի Հյուսիսատլանտյան դաշինք, Փաշինյանը կտրուկ ո՛չ է ասել՝ մեկնաբանելով. «Մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, ու մեր նպատակն է տվյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն ավելի ու ավելի արդյունավետ դարձնելը: Մենք որոշակի հարցեր ունենք ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերների հետ»,- ասել է նա:

 

 

Խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին Փաշինյանը մանրամասնեց, որ Բրյուսելում մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլ ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին:

«ՆԱՏՕ-ի շրջանակում մենք մասնակցում ենք որոշ ծրագրերի՝ այդ թվում նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, մենք ունենք ընդհանուր ծրագրեր: Մենք ՆԱՏՕ-ի հետ առաջին տարին չէ, որ համագործակցում ենք: Դա տևում է շատ երկար ու շարունակվելու է»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ տվյալ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ:

Ժողովրդի մոտ ունեցած վստահության մասին Փաշինյանը նշել է. «Սեփական ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է»: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը մի տեսակ «վախ» է զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում: «Խոսքը մեր կառավարության, անձամբ իմ հետ կապված հույսերի չարդարացման մասին է: Այնուհանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայ ժողովրդին»,- ասել է վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ