22 03 2018

Պերուի նախագահը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

Պերուի նախագահը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

Պերուի  փոխնախագահ Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեխոն մարտի 21-ից կզբաղեցնի երկրի գլխավոր պաշտոնը, քանի որ հրաժարական է ներկայացրել նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին: Նրան կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ազգային հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս 79-ամյա Կուչինսկին իր հրաժարականի մեղքը դրել է ընդդիմության վրա, որն իրեն այլ ընտրություն չի թողել: 

«Քաղաքական դիմակայությունը ստեղծել է անկառավարելիության իրադրություն, որի պայմաններում մենք այլևս չենք կարող աշխատել»,- հայտարարել է Կուչինսկին:

Սրան զուգահեռ՝ երկրի դատախազությունը պահանջել է խորհրդարանից հրաժարական տված Կուչինսկուն արգելել երկրից հեռանալ:

Նախագահի հրաժարականը կապված է բրազիլական Odebrecht շինարարական ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի հետ: 2017-ի վերջին հայտնի է դարձել, որ 2004-ից 2013 թվականներին այն գործող նախագահի հետ կապված ընկերություններին մոտ 4,8 մլն դոլար է փոխանցել իբր որպես խորհրդատվության դիմաց պարգևատրում: Ընկերությունը ամբողջ Լատինական Ամերիկայում կաշառքի համար ընդհանուր հարյուր միլիոնավոր դոլար է ծախսել:

2017-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունը Կուչինսկուն պաշտոնանկ անելու փորձեր արդեն նախաձեռնել էր, սակայն անհաջողություն էր կրել: Դրանից կարճ ժամանակ առաջ Կուչինսկին հրաման էր ստորագրել Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի համաներման մասին, որը 25 տարվա բանտարկության էր դատապարտված: Սա ամբողջ երկրում զանգվածային բողոքներ էր առաջացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ