11 02 2025

«Պատիվ ունեմ»-ը դեմ կքվեարկի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի նախագծին

«Պատիվ ունեմ»-ը դեմ կքվեարկի Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի նախագծին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը.

«ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար:

Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:

Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։

Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։

Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ