Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսաստանյան կողմի վճռականությունը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը լի է վճռականությամբ անհրաժեշտ ողջ օգնությունը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի զարգացման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հավասարակշռված և փոխընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման և հաղորդակցման ուղիների բացման հարցերում»,- հայտարարել է Կոպիրկինը՝ ելույթ ունենալով ՌԴ դիվանագետի օրվա առիթով ընդունելությանը։
Ըստ նրա, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի այն համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Կոպիրկինը նշել է, որ այս տրամադրվածությունը հաստատել են հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։
Նա հավելել է, որ ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, իսկ Ռուսաստանն ամուր պահպանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկերոջ իր տեղը։
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչը մնում են մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում և միջանձնային շփումները, որոնցում մեծ դեր են խաղում հայրենակցական կազմակերպությունները», - ասել է Կոպիրկինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը