Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցությունը ՀՀ-ի համար որևէ անվտանգության երաշխիք չի տալիս։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյան։
«Երկկողմ հարաբերությունների մասով, կարծում եմ, բոլորին ամենահետաքրքրող հարցն այն է, թե ինչ է այդ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը։ Պետք է հստակ տարանջատել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ռազմավարական գործընկերային հարաբերություններից, որովհետև դաշնակցային հարաբերությունները վերաբերում են, օրինակ՝ ԱՄՆ-Իսրայել, ԱՄՆ-ՆԱՏՕ անդամ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին։ ԱՄՆ-ի հետ ունեն դաշնակցի կարգավիճակ ոչ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ, որոնք ԱՄՆ-ի համար ռազմավարական դաշնակիցներ են, բայց ՀՀ-ի հետ այս պարագայում ինչ ստորագրել են, ռազմավարական դաշնակցային հարաբերություն չէ։ Հետևաբար ՀՀ-ի համար որևէ անվտանգության երաշխիք չի տալիս, որևէ մեխանիզմ չկա, նաև նախատեսված չէ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ին պետք է զենք վաճառի, մատակարարի, օգնություն տրամադրի։ Այս տեսանկյունից պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը դրա մասին չէ։ Սա մի փաստաթուղթ է, որը ֆիքսում է հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը