«ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, թեև վերջինս նախընտրական արշավի և ընտրվելուց հետո` մինչև պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածը, հրապարակել է ներքին և արտաքին քաղաքական հարցերով իր դիրքորոշումներն ու անելիքները, սակայն պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու կամ մատնանշված սցենարներով ու ելքերով:
«Առանցքային խնդիրն աշխարհում աստիճանաբար հետին պլան մղվող խաղի այն կանոններն էին, որոնք ամրագրվել էին երկրորդ աշխարհամարտից հետո և ուժի կիրառման սկզբունքի առաջին պլան գալն է:
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է` վերլուծելու, թե իրենց հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, միջանցքի կամ դրա անվան տակ, Նախիջևանի հետ ուղիղ կապի նպատակով, ի՞նչ հակազդեցություն կամ հետևանքների կհանգեցնի:
Արտաքին բարենպաստ միջավա՞յր, թե՞ խոչընդոտող գործոններ. շատ բան կերևա առաջիկայում, երբ «հողի վրա» առավել հստակ կդառնա, թե հիմնական դերակատարները միմյանց հետ առևտրում ի՞նչ զիջումների կգնան, ո՞ր ռեգիոնների կամ երկրների հաշվին և որ ամենակարևորն է` արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը