20 01 2025

Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին

Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր:

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։

ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև  մարտի 10-ը,ժամը 18:00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ