«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ, նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։ Նա հայտնել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվելիք որոշումների մասին։
«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը... Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,-«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին պատասխանել է գլխավոր քարտուղարը։ Ըստ Թասմագամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է․
«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։ Չեմ թաքցնի․ որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են։ Բայց ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը և առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը