29 01 2024

ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարել

ԲԴԽ-ն Մանվել Գրիգորյանի դատավոր դուստր Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

 «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Դատավորը թույլ էր տվել վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես, իրեն մակագրված  քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության պայմաններում դատավորն ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը: Միաժամանակ, դատավորը գործով կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը կարող էր հիմք հանդիսանալ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործողություններ կատարելու համար: 

Միաժամանակ հայտնում ենք, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը գեներալ-մայոր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ