22 10 2023

Նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր. Տիգրան Աբրահամյան

Նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր. Տիգրան Աբրահամյան

Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի:

Առաջին խումբ, կազմակերպված` մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան տխրահռչակ տանդեմին:

Ենթադրելի է, որ նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր, որը պետք է ուղեկցվեր կոնկրետ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ և դրանով ամբողջությամբ փակվեր Արցախի էջը:

Երկրորդ խումբ, կոնկրետ անձինք էին, ովքեր տեղեկություններ ունեին այն մասին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման և հատկապես դրա վերջին օրերին խիստ կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, հարստացել ու հարստացրել իր թիմակիցներին կամ իր կողմից տարբեր օպերացիաներ իրականացնող խմբերին:

Այս մարդիկ իրենց պատկերացրած ձևերով փորձում են հասնել Արայիկ Հարությունյանի, նրա տարբեր թիմակիցների և ըստ իրենց` ապօրինի հարստացների պատժվելուն:

Երրորդ խումբ, այստեղ մարդիկ էին, ովքեր պարզապես փորձում են հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու իրենց սոցիալական հարցերը, ի՞նչ է ենթադրում նախագահի հայտնի հրամանագիրը և ի՞նչ է իրենց սպասվում:

Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:

Պատերազմը, շրջափակումը, չդադարող ճգնաժամները մարդկանց վրա ծանր հոգեբանական ազդեցություն են թողել և նրանց դարձրել խիստ էմոցիոնալ:

Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները ներխուժել էին շենք, անկարգություններ հրահրել, քաշքշել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին: Նրանք Արցախի նախագահից բացատրություն էին պահանջում կատարվածի վերաբերյալ, ինչպես նաեւ սոցիալական տարբեր խնդիրների մասին էին բարձրաձայնում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ