14 09 2023

Փաշինյանի իշխանության դիմաց Արցախն ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով․ 168.am

Փաշինյանի իշխանության դիմաց Արցախն ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով․ 168.am

168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը ճշգրտորեն չի հիշում Հայաստանի տարածքի չափը, փոխարենը՝ ստորակետի ճշտությամբ կրկնում է, թե քանի հազար քանի հարյուր քառակուսի կիլոմետր է Ադրբեջանի տարածքը: Նրա այդ վերբալ վրիպումը լեզվական չէ սոսկ, այլ արտահայտում է իր իշխանության անպերճանք թշվառությունը:

Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով, ազատագրված տարածքների ու Արցախի մեծ մասի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի քանի հատվածների կորստով: Հայելային կերպով Ադրբեջանը ստացել է ճիշտ այնքան, որքան կորցրել են Արցախն ու Հայաստանը:

Հետևաբար՝ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքն ավարտած փոդրադչու նման հիշում է Ադրբեջանի տարածքի չափը, որը մեծացել է նաև իր մասնակցությամբ: Ում և որքան է վճարել Ադրբեջանը դրա դիմաց, երբևէ ցույց կտա քննությունը:

Իսկ մինչ այդ կյանքը ցույց է տալիս, որ հավատ չներշնչող վհատությամբ օրումեջ «միջանցքային տրամաբանությունը» մերժող Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 5 տարիներին Արցախն ու Հայաստանը վերածել է մեծ միջանցքի՝ այդ բառի ամենալայն իմաստով:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախն ու Հայաստանը բացել է բոլոր այն ուժերի համար, ովքեր տասնամյակներ շարունակ ամեն ինչ արել են այդ տարածքներ մուտք ունենալու համար, բայց չեն հաջողել: Դրա արդյունքում Արցախի կորսված հատվածում հաստատվել են ադրբեջանական զորքերը, Արցախի՝ հայկական մնացած մասում՝ նախկինում մշտապես այնտեղ գտնվելու մտադրություն ունեցող ռուսները, Հայաստանի սահմանի երկայնքով երթևեկում են «քաղաքացիական» կոչվող եվրոպացի կիսազինված դիտորդները, ռուսական ռազմաբազային զուգահեռ վարժանքների նպատակով Հայաստանում են հայտնվում ամերիկացի զինվորականներ, իսկ երեսուն տարի շարունակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց խցկվելու ցանկություն ունեցող, բայց երբևէ չհաջողած Թուրքիան արդեն բացահայտ ստանձնում է հակամարտության կարգավորման մոդերատորի դերը:

Այսպիսով, Արցախի ու Հայաստանի դարպասները բացվել են բոլոր նրանց առջև, ովքեր տանամյակներ շարունակ ամեն ինչ արել են Հայաստանում հաստատվելու միջոցով Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար, բայց այդ նպատակին հասնել չեն կարողացել:

Նիկոլ Փաշինյանն Արցախն ու Հայաստանը վերածել է աշխարհաքաղաքական «проходной двор»-ի, որտեղ բոլոր շահագրգիռ երկրներն ու ազդեցության կենտրոններն անարգել մուտք ունեն, և այդ մուտքն ապահովվում է Արցախի ու Հայաստանի ոչ միայն տարածքների, այլ նաև կենսական շահերի հաշվին: Այս՝ գրեթե անփրկելի թվացող իրավիճակում հայկական շահերի պաշտպանության համար հայ հասարակությունը մի ճանապարհ ունի՝ գտնել միջոցներ Արցախում ու Հայաստանում հաստատված տեսանելի ու անտեսանելի ուժերի մուտքն ապահոված իշխանության ելքը օր առաջ ապահովելու համար: Եթե պետք է՝ նաև հումանիտար միջանցքով:

Հակառակ դեպքում նույն հասարակությունը պետք է լրջորեն մտածի սեփական ելքի մասին, քանի որ Հայաստանն արագորեն վերածվում է տարածքի, որտեղ ապահովվում են բոլորի շահերը, բացի հայկական շահից:

Հարություն Ավետիսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ