«Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել որում ասվում է.
«Հանուն Արցախի պետականության պահպանման
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր անկախության հերթական տարեդարձին ընդառաջ մեր պետությունը հայտնվել է լրջագույն փորձությունների առաջ։
Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսևորել ենք մեր պետականության շուրջ բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, և ցուցաբերել ենք դժվարությունների հանդեպ աննախադեպ տոկունություն։ Այս ամենը մենք արել ենք հանուն մեր պետականության, հանուն մեր հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր բնատուր իրավունքի։
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից, մարդկանցից, որոնց մղումները հնարավոր է, որ ազնիվ են ու միամիտ, բայց դրանից սպառնալիքի բնույթը չի փոխվում։
Հայրենակիցնե՛ր,
Այսօր, թերեւս, մենք հանձնում ենք պետականության հասունության մեր ամենակարևոր քննությունը։ Այս իրավիճակի անարյուն, իմաստուն, և ամենակարևորը, օրինական հանգուցալուծումից է կախված մեր պետականության հետագա ճակատագիրը։ Եւ այն կախված է ոչ միայն որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող անձանց դիրքորոշումից, այլ նաև յուրաքանչյուրիս սրտացավ ներգրավվածությունից։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում ենք.
Ուժային կառույցներին.
Հարգելի՛ պարոնայք, բարձրաստիճա՛ն սպաներ։ Մենք ըմբռնում և ողջունում ենք խնդիրը փափուկ ուժով և խաղաղ հանգուցալուծելու ձեր մոտեցումը։ Միաժամանակ, հիշեցնում և պահանջում ենք՝ հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված ձեր երդմանը, գործել բացառապես Օրենքի ոգուն և տառին համապատասխան։
ԱԺ քաղաքական մեծամասնությանը եւ քաղաքական այլ ուժերին.
Հարգելի՛ գործընկերներ։
Ազգային ժողովը, ինչպես և Նախագահի հաստատությունը, ժողովրդի հավաքական կամքն արտահայտող պետական երկու հիմնասյուներն են, որոնցից յուրաքանչյուրի խարխլումը հղի է պետականության փլուզմամբ։ Դուք՝ որպես ժողովրդի ձայն, չեք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը և ձեր ստացած ձայներին տեր կանգնելը առաջնային խնդիրն է։ Դուք պարտավոր եք հրապարակային դիրքորոշում հայտնել և լինել պետականության պահպանման առաջին դիրքերում։
Նախկին նախագահներին, պետնախարարներին, բարձրաստիճան զինվորականությանը.
Մեծարգո՛ պարոնայք և գեներալներ,
Արցախի պետականությունն իր բոլոր թերություններով հանդերձ նաև ձեր ջանքերի, նվիրումի և վաստակի արդյունք է։ Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը։ Դուք բարոյական պարտք և վաստակած իրավունք ունեք լինելու պետականության պահպանման առաջին գծում։
Ձեր լռությունը չի հասկացվելու։
Մտավորականությանը, հասարակական գործիչներին եվ ողջ հանրությանը.
Սիրելի՛ գործընկերներ, քույրեր ու եղբայրներ,
Պետականությունը մեր ծնողների, հարազատների, զավակների, ընկերների արյունով վաստակած գերագույն արժեք է։ Մենք միշտ պատրաստ ենք եղել այն պաշտպանել ցանկացած թշնամուց մեր կյանքի գնով։ Պետականության պաշտպանությունը ներքին հակառակություններից, անտեղի հավակնություններից ու անիմաստ ցնցումներից պակաս կարևոր չէ։ Անտարբերությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Օրհասի պահին լռությունը հանցակցություն է։
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե
«Արդարություն» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
ք. Ստեփանակերտ
22 օգոստոսի, 2023թ.»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը