Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․
Արցախը մտնում է դիմադրության վերջին փուլ։ Տեսնելով, որ Արցախի մեր հայրենակիցները հաղթահարում են բլոկադայի փորձությունը, ավելին՝ որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է ավելի շատ վնասում՝ Ալիևն ու իր «յան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դեմ։ Հավաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրա չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազոր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։ Դե, ձեռքի հետ էլ հարձակումներ պետական կառույցների վրա, որ վերականգնման հույսի վերջին նշույլներն էլ մարեն մարդկանց մեջ։
Ի՞նչ է ստանում Ալիևը՝ այսպես կոչված «աշխարհազոր» օպերացիայուվ․
ա) Արցախի մեր հայրենակիցներին պառակտելու, այդկերպ նրանց ավելի թուլացնելու հնարավորություն,
բ) Արցախահայության մեջ կրիմինալ էլեմենտ սերմանելու միջոցով աշխարհին որոշ բաներ «ապացուցելու» հնարավորություն,
գ) Արցախի Պաշտպանության բանակի վարկաբեկում, կանոնավոր (նաև միջազգային ճանաչում ունեցող) զորքը ապօրինի զինված խմբավորումներին հավասարեցնելու հնարավորություն,
դ) տեռորի միջոցով Արցախում սեփական գործակալների դիրքի ուժեղավում՝ հետագայում նրանց իշխանության բերելու հնարավորություն,
ե) Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման հնարավորություն,
զ) Արցախահայության շրջանում հիասթափության, վախի ու պարտվողական տրամադրություններ սերմանելու հնարավորություն,
Եւ այլն, և այլն…
Ի՞նչ է ստանում Արցախի նախագահը՝ սեփական երկրի ու ժողովրդի դեմ իրականացվող այս էժան սադրանքից։ Պատասխանը կարճ է՝ իշխանության պատրանք և սին հույսեր, որ Ալիևը ապագայում ներում կշնորհի իրեն։
Հակառակորդի շահերն ու սպասելիքներն այսքանով պարզ են։ Կարծում եմ՝ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա նաև գիտի, թե ինչ է պետք անել։ Սադրիչները շատ հստակ են նշել իրենց հիմնական թիրախները։ Ընդ որում, նրանց ընտրությունը ճիշտ է։ Ու եթե այդ «թիրախները» համապատասխան հետևություններ չանեն (ի դեպ, ոչ միայն այս զարգացումներից), ապա հեռու չէ այն օրը, երբ «պրիգոժիններն» ու կոլաբորացիոնիստները նրանց՝ «որպես ռազմական հանցագործի», կհանձնեն Ալիևին։ Ժողովրդին էլ կասեն՝ թալանչիներ էին, նախկիններ և այլն… Այդ օրը կլինի Արցախի վերջը։
Արցախի մեր հայրենակիցները պետք է լավ հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում այս օրերին Արցախում։ Ձեզանից, սիրելի արցախցիներ, փորձում են գողանալ ձեր՝ թեկուզ և փոքր, բայց շատ կարևոր հաղթանակը։ Դուք արդեն հաղթահարել եք բլոկադան։ Պարզապես այդ իրողությունն ամրագրելու որոշ ժամանակ է պետք։ Նորից եմ կրկնում՝ Ալիևի վնասներն այս բլոկադային այսօր շատ ավելի մեծ են, քան այն ահավոր դժվարությունները, որոնք դուք կրում եք ամեն օր։ Թույլ չտաք, որ կոլաբորացիոնիստներն ու «պրիգոժինները» ջուրը գցեն ձեր զրկանքներն ու կորուստները։
Դիմադրությունը պետք է շարունակել։ Տեր կանգնենք երկրին ու պետական ինստիտուտներին։ Թույլ չտաք, որպեսզի Արցախում ապօրինի ու հանցավոր էլեմենտներ ձևավորվեն։ Դրանք դեպի կործանում տանող չարորակ ուռուցքներ են։ Հավատացեք միայն այն գաղափարին, որն առաջնորդել է ձեզ վերջին տասնամյակների ընթացքում։ Հավատացեք Արախի բարեկեցիկ ապագային ու պայքարեք միայն այդ ապագային համար։ Աստծով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը