24 06 2023

Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ադրբեջանի կողմից բազմիցս բռնաբարված եռակողմ հայտարարությունը, հստակ սահմանում էր միջանցքի անխափան գործելու հանգամանքը և դրա անվտանգությունը վերապահված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը և վերջիններս ոչ թե պետք է Բաքվին հերթական կոչերը հղեն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարեն:

Բրյուսելն ու Վաշինգտոնը հստակ գիտակցում են, որ Արցախի հարցով առկա բանաձևերը ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հայ ժողովրդի ողբերգությանն են բերելու, սակայն նրանց համար իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջնահերթ:

Հայաստանի իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է կանգ առներ, հանրությունից ներողություն խնդրեր ու հայտարարեր, որ խրվել է իր ապազգային գործունեությունում և անկարող է ապահովել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը. թողներ ու հեռանար:

Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից, իրենց բարբարոսությունն ու ոչ պրագմատիկ քաղաքականությունը բերելու է ռևանշի և Ադրբեջանի օրվա իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցը լուծել, իրականում այն փոխանցել է սերունդներին, որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը` վառոդի հանքի կոնսերվացում է և մի օր պայթելու է:

Որքան էլ, որ Հայաստանում դեռ չի հաջողվում իշխանափոխություն անել, սակայն գլխավոր խնդիրը հստակ է:

Արցախը պետք է բոլոր կողմերի համար ընկալելի սահմանի, վերահաստատի իր նպատակները և սպասումները, իրադրության ճիշտ գնահատականների պայմաններում առաջ շարժվի, այլ ճանապարհ չկա»,-  գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ