28 10 2022

Ալիևի հետ նստեք և որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Ալիևի հետ նստեք և որոշում կայացրեք, այսօր չանեք, ավելի վատ է լինելու. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսը և ես՝ որպես նախագահ, կաջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։ Եթե դուք միասնական կարծիքի հանգեք, ես առանց մտածելու կաջակցեմ այդ միասնական կարծիքին։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ։

Նա նաև անձնական դիրքորոշում է հայտնել շարունակվող հակամարտության վերաբերյալ. «Կներեք, եթե միգուցե ես դա այդպես չեմ տեսնում գործողությունների այս թատրոնից շատ կիլոմետրեր հեռվից, բայց սա իմ տպավորությունն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այդ սահմաններին: Ես արդեն մի անգամ ընկերական ասել եմ՝ տղերք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ սարերում։ Երեք հարյուր մարդու եք զոհ տվել։ Երեք հարյուր մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Ուր նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով և պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն մեկ պետության մաս էին, այլ նաև բարեկամական են ԱՊՀ տարածքում մնացած բոլորի հետ, ավելին, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա՝ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդի հետ, ում հետ կարելի է բանակցել։

«Հարցը շատ զգայուն և բծախնդիր է։ Սա այնպիսի իրավիճակ չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Սրանք մեր բարեկամ երկու երկրներն են։ Այո, իսկապես, նրանք նույն վիճակում էին։ Բայց ավելին, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին։ Մենք շատ սերտ կապեր ունենք մեզ հարազատ ուղղափառ Հայաստանի հետ։ Եվ մեզ շատ մոտ գտնվող մուսուլմանական Ադրբեջան պետության հետ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն կարծում է, որ հնարավոր չէ հարցը դնել այնպես, որ մի կողմից՝ ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը։

«Դա ճիշտ չէ։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։ Ինչ կլինի վաղը՝  ոչ ոք չգիտի։ Ուստի այս սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաևիչը, իսկապես հիմա պետք է լուծվեն։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության օրոք, ո՞վ կանգնի Ադրբեջանի թիկունքին։ Ասում են՝ Թուրքիան այնտեղ է և այլն։ Սա քաղաքականություն է։ Թուրքերն աջակցում են Ադրբեջանին, քանի որ նրանք հարազատ են», - ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը պետք է լուծվի հիմա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման և ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաև «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» հարցում ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

«Այս տարվա նոյեմբերին, այսինքն՝ տառացիորեն մեկ ամսից, մենք կհանդիպենք ոչ թե առցանց, ինչպես հիմա, այլ Երևանում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ինչո՞ւ մենք չենք կարող լսել զեկույցներ ու հաշվետվություններ այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, առաջին հերթին՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը։ Կկայանա հարաբերությունների կարգավորման հիմնական ուժային կենտրոնի՝ եռյակի հանդիպումը։ Ո՞ւր ենք քշում ձիերը, ո՞ւր ենք շտապում։ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը այս ընթացքում, եթե հարկ լինի, պետք է ևս մեկ անգամ վերլուշեն իրավիճակը։ Եվ մեզ անձամբ զեկուցեք ՀԱՊԿ նիստում։ Եվ հետո մենք որոշում կկայացնենք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը դիմելով Փաշինյանին ասել  է․ «Նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե ​​այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ