Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև։
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները:
Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝ ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։
Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։
Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։
Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։ Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։
Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրա պատերազմին նախորդող շրջանում։
Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։
Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։
Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։
Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։
Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝
• Կրակի ամբողջական դադարեցում
• Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր
• Հայ ռազմագերիների ազատ արձակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը