23 03 2022

«Ձերդ մեծություն» ամենակարող մանիպուլյացիան. Կարեն Ճշմարիտյան

«Ձերդ մեծություն» ամենակարող մանիպուլյացիան. Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աշխարհում գոյություն չունի գեթ մեկ պետություն, որի իշխանությունը ցանկության դեպքում չի կարող նախապատրաստել, և կարճ ժամանակում կործանել իր կողմից կառավարվող երկիրը։

Շատերը կհամաձայնվեն, սակայն արդարացիորեն կընդգծեն, որ նախ՝ պետք է երկիրն աղետի հասցնելու «ունակ» իշխանություն ձևավորվի, որն անհնարին է, եթե մինչ այդ կառավարումն իրականացվել է առանց սխալների և բացթողումների։

Ասել է թե՝ «անթերի» պետության պարագայում նման զարգացումն անհնարին է։

Փաստարկը հիմնավոր ու տրամաբանական է, սակայն, ցավոք՝ միայն տեսականորեն։

Գործնականում, կարծես այլ պատկեր է…

Նախ՝ չի կարող լինել անթերի պետություն, քանի դեռ կա մարդը… Բայց սա մի կողմ թողնենք։ Չքննարկենք և չդետալացնենք նաև աշխարհաքաղաքական գործոնները:

Շարունակելով միտքը, տարբեր վերլուծություններում ու քննարկումներում մեծամասամբ մատնանշվում են կառավարման ամենատարածված, ստանդարտ սխալներն ու բացթողումները, որոնք ավել, կամ պակաս առկա են բացառապես բոլոր երկրներում, սակայն նրանց գերակշիռ մասում դրանցից դժգոհությունները երբեք չեն վերածվում համաժողովրդական հիստերիայի և իշխանափոխության։ Առավելագույնը որ լինում է, դա՝ իշխանափոխությունն է տվյալ երկրի օրենսդրությամբ նախատեսված կարգով, և ոչ երբեք զանգվածային ընդվզման միջոցով՝ խախտելով սահմանադրությունն ու օրենքները։

Եթե ընդհանրացնենք, ապա որպես այդպիսիք մեծամասամբ առանձնացվում են անարդարությունը, սոցիալ-տնտեսական խնդիրները, կրթական, մշակութային ու գիտակցական անբավարար մակարդակը, կոռուպցիայի առկայությունը, նաև մերթ ընդ մերթ՝ գաղափարախոսության, կամ երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը։

Զարմանալին այն է, որ համարյա երբեք բացթողումների ցանկում չի ներառվում առօրյա բողոքներն (առկա, կամ հորինված) արհեստականորեն ուռճացնող ու բազմապատկող, և հանրությանն անգիտակից ցասման հասցնող տեխնոլոգիաներին հակազդելու խնդիրը։ Պարզ ասած՝ որպես բացթողում համարյա երբեք չի ընդգծվում հանրության մանիպուլացման կանխման ու կանխարգելման գործառույթում պետության թերացումը։

Հարց է ծագում.

իսկ որոնք են դրանք՝ այդ տեխնոլոգիաները, կիրառվող գործիքներն ու մեխանիզմները, որոնց պարտավոր է հակազդել պետությունը։ Պատասխանը հանրահայտ է.

հիմնականը, դա՝ ստի և կեղծիքի լայնամասշտաբ տարածումն է, իսկ գործիքները՝ տեղեկատվական համակարգը և առանձին կազմակերպությունները։ Մեխանիզմը նույնպես հանրահայտ է.

կիրառվող գործիքներով այնպես մատուցել կառավարման ամենաչնչին բացթողումները (չեղածն էլ՝ հորինել ու տարածել), և այնպիսի ահռելի քանակով ներկայացնել հանրությանը, որպեսզի մարդիկ իրենց պատկերացնեն դժոխքում, և այևս խելակորույս վիճակում փնտրեն ելքեր։ Բնական է, որ այդ պայմաններում, արդեն լիարժեք մանիպուլացված հանրությանը փողոց դուրս բերելն ու իշխանափոխություն իրականացնելը դառնում են ընդամենը «առաջնորդների», կարգախոսների և կոչերի ընտրության պարզագույն խնդիր։

Ոչ ոք, ոչ մի երկրում և երբեք չի պնդել, չի պնդում, և չի կարող պնդել, որ չկան խնդիրներ, կամ երբեք չեն եղել և չկան սխալներ, թերություններ, բացթողումներ և հանցագործություններ: Խնդիրն ամենևին էլ դրանում չէ: Խնդիրը դրանց ընդհանրապես գոյության, կամ իրական ծավալների և այդ ծավալներին անհամարժեք տեղեկատվության քանակի մեջ է:

Բանն այն է, որ ստի և կեղծիքի համաշխարհային գերիշխանության, դրանց զանգվածային հասանելիության, մանիպուլյացիոն «բարձրորակ» տեխնոլոգիաների խելահեղ բազմազանության ու տարածվածության պայմաններում չնչին նշանակություն է ստանում այն, թե ինչպիսին է եղել տվյալ երկիրն անցյալում։ Այսինքն, եղել է գաղափարախոսություն ու ռազմավարություն և դրա շուրջը համախմբված հասարակություն, թե՝ ոչ, եղել են բացահայտ անարդարություններ, թե՝ ոչ, որքան են եղել դրանք, ինչպիսին է եղել սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային ու գիտակցական մակարդակը, իրական կոռուպցիան, այլ ոչ թե դրա ընկալումը (մանիպուլացնելու համար հատուկ մշակված ցուցանիշ, այնպես ինչպես «երջանկության» ցուցանիշը), և այլն, և այլն։ Եթե երկիրը տեղեկատվական մեկուսացման մեջ չէ, իսկ պատկան մարմինները առաջնահերթ չեն համարում, և աչքաթող են անում տեղեկատվական հոսքերի բովանդակությունը, դրանց ուղղվածությունն ու դրանցից բխող վտանգները, և չեն չեզոքացնում դրանք , ապա հասարակությանը դաժանորեն խաբելը, մոլորեցնելը, ստով ու կեղծիքով մանիպուլացնելը՝ դառնում է զուտ ցանկության, ռեսուրսների(մարդկային ու ֆինանսական) և ժամանակի խնդիր։

Տվյալ պարագայում այլևս ոչ մի նշանակություն չունի նաև այն, թե մինչ այդ ինչպիսի ձեռքբերումներ ու հաջողություններ են եղել։

Տեղին է մեջբերել նաև 2018թ.-ից սկսած արդի Հայաստանի օրինակը, որտեղ այս ամենն իր բարձրակետին է հասել, և վերածվել է իրական աղետի՝ գործելով արդեն հակառակ ուղղությամբ։ Սա այն դեպքն է, երբ պետական համակարգը ոչ թե չի կանխում ու կանխարգելում, այլ հենց ինքն է դարձել ստի, կեղծիքի և մանիպուլյացիաների տարածման աղբյուրը, շահառուն ու կազմակերպիչը։ Հետևաբար, հնարավոր է դարձել հանրության պատկերացումներում արդարացնել այդ նույն հանրության շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն՝ ամենաչնչին թերությունից մինչև ամենածանր ոճրագործությունը։ Բնականաբար, տվյալ պարագայում որևէ ինքնաբուխ զանգվածային ընդվզման մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև համատարած ստով ու կեղծիքով մանիպուլացված հասարակության լայն շրջանակների կողմից իրողություններին համարժեք արձագանքը բացառված է։ Հատվածային՝ կարող են լինել, բայց զանգվածայինը՝ չափազանց մեծ աշխատանք, ժամանակ ու ջանքեր է պահանջում։

Սա ևս մեկ անգամ գործնականում հաստատում է, որ բազմաթիվ սխալները, կամ բացթողումները, նույնիսկ բացահայտ դավաճանությունը երբեք չեն դառնում հանրային բողոքի պատճառ, եթե դրանց չեն հետևում տեղեկատվական աղմուկը, չեն բազմապատկվում մարդկանց իրական բողոքներն ու դժգոհությունները, և չեն ծառայում, որպես համատարած ընդվզման աղբյուր։

Հետևաբար, առնվազն ավարտուն չէ, եթե չասենք սկզբունքորեն սխալ ու ժամկետանց է այն կարծիքը, որ եթե երկրում բարձր մակարդակի վրա լինի տեսանելի անարդարությունը («անտեսանելին» եղել է, կա, և կլինի միշտ և ամենուր), ապա ժողովուրդը միահամուռ դուրս կգա փողոց, և կիրականացնի իշխանափոխություն։ Եվ հակառակը՝ եթե դրանք լինեն ցածր մակարդակի վրա, ապա իշխանափոխություն իրագործելն անհնարին կլինի։

Ժամանակակից աշխարհում բոլոր ստանդարտ սխալներն ու բացթողումները որոնք ավել, կամ պակաս առկա են բացառապես բոլոր երկրներում՝ վերածվել են ընդամենը իշխանափոխության առիթների (ցանկացած երկրում որքան ասես), իսկ գլխավոր պատճառն ու կառավարման առանցքային բացթողումը, դա՝ ստի, կեղծիքի և մանիպուլյացիաների տարածման, կանխման և կանխարգելման բարդագույն խնդրում պետության թերացումն է։

«Բարդագույն», որովհետև իրականում դժվար է նշել աշխարհից չմեկուսացած, ավելին՝ համաշխարհային տեղեկատվական դաշտին լիարժեք ինտեգրված, և աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների շրջանակում գտնվող գեթ մեկ պետություն, որտեղ անհնարին է ստով ու կեղծիքով, մանիպուլյացիաներով ու խաբեությամբ մոլորեցնել հասարակությանը։ Խնդրի լուծումն այս առումով առավել բարդանում է մեկ այլ հանգամանքով ևս։

Շատերը նման ազդեցությունները մեղմելու գլխավոր գործոն են համարում կրթության ու հանրային գիտակցության համեմատաբար բարձր մակարդակը։ Անկասկած սա զսպող գործոն է, բայց ոչ երբեք գլխավոր ու սպառիչ, որովհետև այստեղ էլ խնդիրն այլ է։

Մանիպուլյացիոն «բարձր տեխնոլոգիաների» առաջնային թիրախը մարդ էակի ենթագիտակցությունն է՝ հոգեբանությունը։ Հետևաբար, դրանց ազդեցությունից խուսափելու կարողությունը կախված է ոչ թե հանրության կրթական, սոցիալական ու գիտակցական մակարդակից, այլ արտաքին հոգեբանական ներգործությանը դիմակայելու առանձին վերցրած յուրաքանչյուր անհատի բնատուր կարողությունից։ Ըստ մասնագետների՝ սա այն հատվածն է, որտեղ ցանկացած հասարակության խոցելիությունը բավականին բարձր է, որովհետև մարդկանց գերակշռող մեծամասնությունն անկարող է դիմակայելու հոգեբանական ներգործությանը։ Այդպիսին է մարդ էակը…

Այս պնդումը հիմնավորող օրինակները բազմաթիվ են ու բազմազան, իսկ բառացիորեն օրերս կատարվողը նշվածի ամենավառ ապացույցն է։

Մի պահ ենթադրենք, թե Հայաստանի պարագայում այդ գործոնն իրոք նպաստող է եղել, հապա ինչպես բացատրել այն իրողությունը, որ տեխնոլոգիապես առաջատար ու սոցիալապես կայուն համարվող հասարակությունները կարող են արմատապես շեղվել իրենց հիմնարար արժեքներից, և ողջ աշխարհի աչքի առջև ըստ ազգային պատկանելության կոպտորեն խախտել մարդու(իրենց հռչակած «բարձրագույն արժեքի») առանց բացառության բոլոր հիմնարար իրավունքները՝ խոսքի ազատությունից մինչև կյանքի իրավունքը։

Ասացեք խնդրեմ, այս դեպքում կրթության ու գիտակցության պակա՞սն է պատճառը, թե՝ «կոռուպցիայի ընկալման», կամ անարդարության մակարդակը։

Սա ի՞նչ է, եթե ոչ տեղեկատվական անկասելի ճնշման և դրա միջոցով զանգվածային հոգեբանական ներգործության հետևանք։

Որևէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ կգա մի օր, երբ այդ հասարակություններն արդեն բացահայտ ( մասնակի ընթացք և բազմակի ստանդարտներ միշտ էլ եղել են) կոտնահարեն և կոչնչացնեն իրենց իսկ արժեքային հիմնասյուները։

Արդյո՞ք այդ ամենի ականատեսը դառնալուց հետո կարելի է շարունակել պնդել, որ գիտակցությունն ու կրթությունն է գլխավորն ու որոշիչը, որ սոցիալական ու տնտեսական բարեկեցությունն է կարևորը, կամ՝ եթե ցածր մակարդակի վրա լինեն անարդարությունն ու կոռուպցիան, ապա անհնարին կլինի մարդկանց այդ աստիճանի խաբել ու մանիպուլացնել։

Այդ ինչ է՝ չե՞նք տեսել լիակատար «զոմբիացված» ակադեմիկոսների ու խոշոր գործարարների, և նրանց կողքին՝ իրողություններն ու երևույթները ցանկացած իրավիճակում սթափ գնահատող ու լրջախոհ, սակայն բարձրագույն կրթություն չունեցող արհեստավորների ու բանվորների, կամ հողագործների ու գթության քույրերի։ Սա ցույց է տալիս, որ համեմատաբար բարձր սոցիալական, գիտակցական ու կրթական մակարդակ ունեցող հասարակությունները նույնպես ենթակա են տեղեկատվական ազդեցությունների և մանիպուլացման զոհ դառնալուն։

Ընդհանուր եզրակացությունը հետևյալն է։

Ժամանակակից աշխարհում ստի, կեղծիքի և մանիպուլյացիաների գերիշխանությունը վերածվել է համաշխարհային քաղաքակրթության, և ինչու ոչ՝ արդեն մարդու և աշխարհի գոյության լրջագույն սպառնալիքի։ Հետևաբար, միջազգային հանրության, նաև՝ ցանկացած պետության ազգային ու պետական անվտանգության ապահովման գլխավոր և առաջնահերթ ուղղություններից մեկն այլևս տեղեկատվական հոսքերի կարգավորումն ու համակարգումն է։ Տվյալ խնդրի լուծումը դարձել է չափազանց կարևոր ողջ աշխարհում։

Այս ամենն ամենևին չի նշանակում, որ պետությունը պետք աչքաթող անի վերը նշված «ստանդարտ» բացերը շտկելու իր այլ գործառույթները։ Երբեք, և ոչ մի առումով…

Սակայն, վերագրել ամենը միայն այդ ստանդարտ բացթողումներին՝ սկզբունքային ու մեթոդական սխալ է։

Այնպես որ, ներկա տապալումների պատճառները անցյալի մասին շարքային, ստանդարտ, կամ հորինված առասպելներում պարտակելու, դրանցով բացատրելու, կամ արդարացնելու բոլոր փորձերն ու ջղաձգումներն անտեղի են, անհիմն, ժամկետանց և անարդյունավետ։ Այս դեպքում այլևս ոչ մի նշանակություն չունի այն, թե ինչպիսին է եղել տվյալ երկիրն անցյալում։

ՀԳ. Մարդկանց մատուցվող տեղեկությանը տեր կանգնեք, և ամեն ինչ ավելի քան լավ կլինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ