24 11 2021

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Ողջունելով դեսպանին` Իշխան Սաղաթելյանը կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը` Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան` կարեւորելով այդ հարցում բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես  հայ ժողովրդի կողքին է:

Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, եւ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առեւտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ