30 12 2024

Որքա՞ն աշխատավարձ կստանան ատեստավորում անցած ուսուցիչները

Որքա՞ն աշխատավարձ կստանան ատեստավորում անցած ուսուցիչները

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները․ այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ 

Դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թվականի հունվարի 1-ից:

Նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները:

Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար ներքոնշյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ․

  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով,
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով,
  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով: 

Նախարարի հրամանով հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած:

Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ցուցակը․ այս խմբում գտնվող ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ»։

 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ուսուցիչների աշխատավարձի մինչև եռապատկում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ