02 09 2022

Այդ առաջարկն իշխանության շահերից չի բխում, դավաճաններն իրենց շարքերում են. Կիմ Բալայան

Այդ առաջարկն իշխանության շահերից չի բխում, դավաճաններն իրենց շարքերում են. Կիմ Բալայան


«Արթուր Դավթյանը սովոր է պատվերներ կատարելու: Եթե պատվեր չլիներ, Արթուր Դավթյանը նման առաջարկություն չէր անի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին։

Նշենք, որ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։ Նա գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Ըստ դատախազության հաղորդագրության` ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

«Քրեագիտության մեջ դա վեճի առարկա է միշտ եղել, մի մասը գտել է, որ Աստված է մարդու կյանք տալիս, մարդն իրավունք չունի կյանք խլելու, մի մասն էլ գտել է, որ ծանր հանցագործները չպետք է պետության վրա բեռ դառնան և սնվեն արդար մարդկանց կողմից, այդ վեճը միշտ է եղել: Արթուր Դավթյանը երևի մոռացել է, որ ԵԽ ընդունվելու ժամանակ մենք պարտավարություն են վերցրել, որ մահապատիժը որպես պատժատեսակ պետք է մեր մոտ վերանա»:

ՍԴ նախկին անդամի խոսքով, մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկն ընդունելը ետքայլ անել է, որը ցանկացած դեպքում սխալ է: Ինչպես նաև նկատում է, որ մահապատժի դեմ խոսողների հիմնական կռվաններից մեկը հենց այն է, որ դատական սխալից ոչ ոք երաշխավորված չէ:

«Կարող են լինել օբյեկտիվ հանգամանքներ, որ տեղի ունենա դատական սխալ: ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցել ենք նման պրակտիկա, մարդուն գնդակահարել են, հետո պարզվել է՝ հեղինակն ինքը չէ: Դրա վառ ապացույցը մեր հայազգի Ստեփան Զատիկյանի գնդակահարությունն էր, որն իրականացրին, որ իբր մետրոյի պայթեցումն ինքն էր կազմակերպել՝ կեղծ ապացույցների հիման վրա: Հետագայում պարզվեց, որ հեղինակն ինքը չի եղել»:

Բալայանը վստահ է՝ այդ առաջարկի ընդունումն իշխանության շահերից չի բխում. «Դավաճաններն  իրենց շարքերում են, ոչ թե ընդդիմության: Իրավական տեսանկյունից գտնում եմ, որ ճիշտ չէ, բայց քանի որ ունենք խորհրդարան, որը «ադաբրյամսով» է ղեկավարվում չեմ, կարող այլ բան ասել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ