Հայաստանում խաղադրույքները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին աճել են ամեն տարի, իսկ 2021 թվականից սկսյալ՝ աննախադեպ արագությամբ։
Այսպես, եթե մեր երկրում 2018թ․ գրանցվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, ապա 2024-ին՝ 7,1 տրիլիոն դրամի (շուրջ 18 մլն դոլար)։
2025թ․ հունվարի 31-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց շահումով խաղերի աննախադեպ խաղադրույքների մասին։ Փաշինյանի պատասխանն այն էր, որ քաղաքացին ինքն է որոշում իր գումարները ոնց տնօրինի։
Հիշեցնենք՝ 20․09․2018թ․, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք։ Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի և ի վերջո դրանք ևս դուրս գան»։
24․10․2018թ․ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Պարտքի տակ ընկնող շատ մեծ թվով մարդիկ կան։ Կապանում երբ ես փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները և գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետև, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Սա դժվար է ասել ինչ ֆենոմեն է։ Ես դա հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն»։
10․01․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկո Փաշինյանը հայտարարեց․ «Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա»։
Խաղադրույքների մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին հայտարարությունները՝ այստեղ։
Թե որքանով է դժվարացել խաղադրույք անելը և որքանով է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պայքարել խաղամոլության դեմ, իրականությունը Yerevan.Today-ը ներկայացնում է ինֆոգրաֆիկայով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը