18 02 2021

Արարատի մարզպետն ու պատգամավոր որդին հայտնվել են միջադեպի կենտրոնում

Արարատի մարզպետն ու պատգամավոր որդին հայտնվել են միջադեպի կենտրոնում

Անցած ուրբաթ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը  ԱԺ պատգամավոր որդու՝ Սեդրակ Թևոնյանի հետ հայտնվել է ծեծկռտուքի կենտրոնում: Միջադեպը մարզպետի համար անսպասելի զարգացում է ստացել, ծեծկռտուքից  մարմնական վնասվածք ստացած արալեզցի բնակիչը  դիմել է հիվանդանոց, բանը հասել է  ոստիկանություն: Նյութեր են նախապատրաստվում, Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հատկանշական է, որ միջադեպի շարժառիթը հենց մարզպետ Թևոնյանն է եղել, ավելի ստույգ՝  նրա հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը՝ իր  համագյուղացի Արմանի կողմից: Սա վիրավորել է իշխանական պատգամավորին ու նրա մարզպետ հորը և այն աստիճան, որ դարձել է մարնական վնասվածքների պատճառ:

Ընդգծենք, Yerevan.Today-ին այս միջադեպի մասին տարբեր աղբյուրներից միևնույն ձևով է ինֆորմացիան փոխանցվել:

Ըստ նրանց՝ Արալեզ  գյուղում, որտեղ բնակվում է Արարատի մարզպետ Թևոնյանը, անցած ուրբաթ՝ փետրվարի 12-ին, նա իր պատգամավոր որդու և  ներկայացուցչական պատվիրակության հետ միասին այցելում է դպրոց՝ մասնակցելու  գյուղի զինվորների հիշատակին նվիրված երեկոյին, սակայն երեկույթն ավարտվում է մեծ ծեծկռտուքով՝ հենց դպրոցի բակում:

Պարզվում է, միջոցառումից հետո, երբՌազմիկ Թևոնյանը իր  գլխավորած պատվիրակության հետ փորձում է դուրս գալ այնտեղից, դարպասների մոտ մեքենան կայանած համագյուղացին  մարզպետին տեսնելիս  հեռախոսն ակաջից չի իջեցնում  և մեքենան չի շարժում տեղից,այդպիսով հնարավորություն չտալով, որ հյուրընկալ կողմը «բարձր մակարդակով» ուղեկցի համագյուղացի պաշտոնյա ընտանիքին: Մարզպետին անհարմար դրությունից փրկելու համար առաջ է նետվում արալեզցի Արտյոմ Ավետիսյանը:

  Կարատեիստ Արտյոմը, որին համագյուղացիները համարում են մարզպետի ամենահավատարիմ զինվորը, մոտենում է վարորդին և խնդրում է մեքենան առաջ շարժել․ նա էլ, թե՝ համբերեք, հեռախոսով եմ խոսում, հեսա ավարտեմ՝ կքշեմ:

Սա առաջացնում է մարզպետ Թևոնյանի դժգոհությունը, բանը հասնում է լեզվակռվի ու վերածվում՝ ծեծկռտուքի: Կարատեիստ Արտյոմը մարզպետի «թասիբը» պահելու համար կամ գուցե հենց նրա ուղիղ հրահանգով ծեծի է ենթարկում Արման Ասատրյանին՝ բոլորի աչքի առջև: 

Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել մարզպետի ապրումների պատճառով ծեծի ենթարկված Արմանի հետ, նա սկզբում փորձ արեց հերքել իրեն ծեծելու և մարմնական վնասվածքներ հասցնելու մասին մեր տեղեկատվությունը,  բայց հետո մանրամասներ պատմեց միջադեպից  և հաստատեց, որ այո՝ հիվանդանոց է դիմել:

«Ես խնդիրներ չունեմ մարզպետի հետ, նորմալ ա ամեն ինչ..․ Արտյոմի հետ մենք ընկերներ ենք: Ես ընդամենը շփոթմունքով մեքենան կայանել էի դպրոցի դարպասների մոտ, ու մի քիչ ուշացումով հանեցի, որ ժողովուրդը դուրս գա միջոցառումից, էդքան բան։ Ուրիշ ոչ մի խնդիր չի եղել, ոչ մեկ  էլ չի նեղվել դրանից, բայց  հիվանդանոց դրանից հետո եմ գնացել։ Ես նորմալ տղա եմ , ինձ մարդիկ ճանաչում են, իզուր մի հանրայնացրեք, դպրոց հաճախող երեխաներ ունենք, կարատեիստ Արտյոմի հետ մենք գյուղի տղա ենք, մանկության ընկերներ ենք (ծեծի ենթարկողին նկատի ունի)»,- Yerevan.Today-ին իրավիճակը հարթված ներկայացնում էր Արմանը:

Իսկ Ոստիկանությունից միջադեպի մասին Yerevan.Today-ին հայտնեցին հետևյալը. «Փետրավրի 13-ին, առավոտյան ժամը 6-ին Արարատի ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ դեմքին ստացված  վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1975 թվականի ծնված մի տղամարդ՝ Արալեզի բնակիչ:

Ձեռնարկված օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված վնասվածքը տղամարդը ստացել է նախորդ օրը՝ Արալեզի դպրոցի մոտ՝ 18։00 ի սահմաններում ծագած վիճաբանության ժաանակ,  նույն գյուղի 1973 թ ծնված մեկ այլ բնակչի կողմից: Նույն օրը ծեծի ենթարկող անձը հրավիրվել է բաժանմունք և տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»: Իսկ Արմանի ծնոտի և քթի վնասվածքի մասին տեղեկատվությունը, ըստ ոստիկանության, կհայտնեն դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո:

Խիստ ուշագրավ է այն, որ միջադեպի պատճառ հանդիսացած մարզպետ Թևոնյանի և պատգամավոր որդու անունները առհասարակ, Yerevan.Today-ի տեղեկություններով, չեն  ամփոփվել ոստիկանություն հասած գրավոր տվյալներում: Այսինքն՝ ոստիկանության ցուցմունքներում հետագայում ՍՐԲԱԳՐՎԵԼ Է միջադեպն այնպես,  որ հայր և որդի Թևոնյանները ծեծկռտուքի հետ առնչություն չունենան,  ջրից չոր դուրս գան:  Մասնավորաբար, ցուցմունքներում ժամանակագրությունը ձևակերպվել ու մատուցվել է այնպես, թե իբր մարզպետ Թևոնյանն ու իր որդին այդ տարածքից  դեռ միջոցառման կեսից են հեռացած  եղել, ասենք՝  14-14։30-ի մոտակայքում:

Ուրեմն այդ ինչի՞ց էր ծագել վեճը, այդ ու՞մ արժանապատվությունն էր վիրավորել Արմանը․․ այ սա արդեն, երևի, ՍՐԲԱԳՐԻՉՆԵՐԸ տարել-կապել են  ընդամենը միջոցառման սովորական մասնակիցներին:  Ստացվում է՝ արալեզցի մարզպետին «փուռը չտալու» համար ծեծող և ծեծվող երկու համագյուղացիներն իրենց ցուցմունքներում խնայել են նրան:

 Չի բացառվում նաև երկրորդ տարբերակը՝ գուցե աշխատել է մարզպետի  Իմ քայլական որդու՝ Սեդրակ Թևոնյանի պատգամավորական լծակը. հնարավոր է՝ պատմությունը սրբագրվել է գյուղացիների վրա հայր ու որդի պաշտոնյաների անմիջական ազդեցության հետևանքո՞վ...

Ընդգծենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում արդեն 3-րդ մարզպետն է հայտնվում խուլիգանական միջադեպերի կենտրոնում: Ընդ որում նախորդը ևս գրանցվել էր Արարատի մարզում՝ նախկին մարզպետ Գարիկ  Սարգսյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, ճիշտ մեկ տարի առաջ Արարատի՝ այժմ, արդեն, նախկին  մարզպետ, այսօր Պետգույքի գլխավոր կառավարիչ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի կողմից ծեծի էր ենթարկվել իր վարսավիրը՝ մարզպետին հերթագրելու և նրա բաքերը այդ պահին չածիծլելու համար:

168.am-ում աղմկահարույց միջադեպի մասին հրապարակմանս հետևեց ծեծի ենթարկված վարսավիրի հոր հաստատող հարցազրույցը՝ «Ազատությանը»: Բայց ոստիկանությունը նախընտրեց վարչապետի սանիկ Գարիկ Սարգսյանի մասնկացությամբ միջադեպին իրավական ընթացք չտալ,  ձևական մեկ-երկու անգամ ծեծված վարսավիրը կանչվեց բաժանմունք, գրեց ու ջնջեց, և միջադեպը՝ առանց հիմնավոր քննության, առանց ՔԿ ուղարկելու, «ջրվեց», փակվեց թեման, մինչդեռ  ծեծված վարսավիրը, ինչպես գրել էինք, նույն օրը, մարզպետ Գարիկի հրահանգով, լքեց նրա հարազատ բնակավայր Նոր կյանքը, հանձնեց այդ գյուղում վարձակալած վարսավիրանոցի տարածքը  ու հեռացավ  գյուղից։

 

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ