ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շիրակի մարզի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հին խնդիրները չեն անհետացել, դրանք մնում են և լուծումներ են պահանջում. գյուղական արտադրանքի ցածր արտադրողականություն, դիզվառելիքի և պարարտանյութի չհիմնավորված բարձր գներ, ֆերմերային տնտեսությունների փոքր և միջին հատվածի թուլություն և նույնիսկ անօգնականություն, մթերման ցածր գներ, արտագաղթ գյուղական բնակավայրերից։
Առանց պետական հստակ օժանդակության գյուղատնտեսությամբ զբաղվելը բացարձակապես անհնարին է դառել։ Պետությունը չի կարող առանց լուրջ, մրցունակ և զարգացած գյուղատնտեսական ոլորտի, դա հստակ է բոլոր ժամանակաշրջանների համար: Վերը թվարկված խնդիրներն արդեն բավականին հին են, իսկ փաշինյանական իշխանության օրոք վերածվել են դժվար հաղթահարելի, տեղ-տեղ անլուծելի։
Հետևաբար, մեր երկրում գյուղատնտեսական մթերք արտադրողների համար պետական լուրջ և խորքային աջակցության բացակայությունը վաղուց դարձել է թիվ մեկ խնդիրը։
Քանի որ վերը նշված խնդիրները դարձել են արդեն դասական, անդրադառնանք ավելի դինամիկ խնդրին` գյուղատնտեսությանն աջակցելու պետական քաղաքականության բացակայությանը։ Գյուղատնտեսության բարելավման բազմաթիվ առաջարկություններ, ծրագրեր ու նախագծեր կան, բայց դրանք բոլորը կարելի է բերել մի բանաձևի. կառավարությունը տալիս է այնքան, որքան կորոշեն այդ ոլորտից հեռու ՔՊ-ական չինովնիկները, և բաշխում է ռեսուրսները այնքանով, որքանով հասկանում են խնդիրները։ Բայց, ցավոք, առաջինը հաճախ անբավարար է, իսկ երկրորդը միշտ չէ, որ ճիշտ է։
Գյուղատնտեսության մեջ կան մի շարք հատուկ խնդրահարույց ոլորտներ, որոնցում հատկապես տեսանելի են ճգնաժամային երևույթները.
1․Շահութաբերությունը կամ եկամտաբերությունը ցանկացած բիզնեսի հիմնական ցուցանիշն է: Դժբախտաբար, Շիրակի մարզում դեռ առկա է գյուղական արտադրողների հին և ամենակարևոր խնդիրը՝ ռեսուրսների թանկ գների ազդեցությունը վերջնական արտադրանքի վրա։ Այլ կերպ ասած, վառելիքի, էլեկտրաէներգիայի, գազի, պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի, տրանսպորտային սակագների արժեքը գրեթե միշտ աճում է շատ ավելի արագ, քան ինքնին գյուղատնտեսական արտադրանքի գները:
2․ Օգտագործված ռեսուրսների թանկության ընդհանուր ֆոնի վրա շարունակվում է գյուղատնտեսական մթերք արտադրողների հնարավորությունների սահմանափակումները՝ իրենց արտադրանքի ողջամիտ գների միջոցով արտադրական ծախսերը ծածկելու համար:
Պետությունն ամբողջությամբ դուրս է եկել գյուղմթերքի գների նույնիսկ անուղղակի կարգավորումից։ Արտադրանքի ծավալներն ըստ հիմնական տեսակների և տարածաշրջանների հաշվարկված չեն, չկան գների վերահսկման կարգավորող աշխատող մարմիններ, չկան գյուղապրանքների հստակ պետական պատվերներ։ Գյուղացիները և մանր ֆերմերները, ովքեր կապեր չունեն խոշոր վերավաճառողների հետ, չեն կարող պլանավորել իրենց արտադրության ծավալներն ու ծախսերը:
3․ Եկամտի հիմնական մասը գնում է միջնորդների, վերամշակողների, առևտրային ցանցերի գրպանները:
Կարելի է ասել, որ փոքր գյուղատնտեսական բիզնեսի իրական աջակցությունը մինչ այժմ մեր պետությունում նպատակաուղված չի եղել։ Իհարկե, փոքր տնտեսությունների համար առանձին ոչ համակարգային արտոնություններ են եղել, բայց դրանք կապված չեն եղել միմյանց հետ և, ամենակարևորը, բացակայում էին դրանց տրամադրման հստակ չափանիշները։ Փոքր գյուղական ձեռնարկությունները և բիզնեսը, որպես ագրարային տնտեսության զանգվածային հատված, հիմնականում բացառված են կառավարության խրախուսական և ներդրումային ծրագրերից: Ժամանակի ընթացքում դա ուղղակիորեն սկսեց ազդել արտադրության աճի շատ ցածր տեմպերի վրա, գյուղական շրջանների ընկճվածության խորացման վրա, որտեղ բնակիչների մեծ մասը, ըստ էության, կորցրեց աշխատանքային եկամտի կանոնավոր աղբյուրները:
Ներկայիս փաշինյանական կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը, սկզբունքորեն, չի կարողացել հաղթահարել իր հիմնական խնդիրը՝ հավասարեցնել տարբեր կլիմայական գոտիներում գտնվող գյուղատնտեսական արտադրողների՝ մեծ ու փոքր տնտեսությունների շահութաբերության հասնելու պայմանները։
Ինչ կարող եք անել այսօր.
- պաշտպանել ֆերմերներին մենաշնորհից և՛ առևտրային և՛ լոգիստիկ միջնորդների թելադրանքից, այդ թվում՝ գյուղական արտադրության և սպառողների համագործակցության ակտիվ աջակցության միջոցով։
- ընդլայնել արտոնյալ պայմաններով տրամադրվող գյուղատնտեսական տարածքները, առանց աճուրդների, չօգտագործված վարելահողերը դնել շրջանառության մեջ։
- կարգուկանոն հաստատել սակագների, տուրքերի, վճարների համակարգում, այդ թվում ՝ պետության կողմից մատուցվող կոմունալ և ենթակառուցվածքային ծառայությունների դիմաց ՝ դրանք դարձնելով տնտեսապես արդարացված և ծրագրային ուղղվածություն ունեցող։
- գյուղացիներին զերծ պահել տեղական իշխանությունների կոռուպցիոն նկրտումներից, այդ թվում ՝ հողօգտագործման և սեփականության իրավունքի գրանցման գծով։
- տրամադրել գյուղատնտեսական արտադրողների արտոնյալ վարկավորում 7%-ից ոչ ավելի տոկոսադրույքով։
- երաշխավորել տեղական արտադրողների և մասնավոր տնտեսությունների սեփականատերերի գյուղատնտեսական արտադրանքի հասանելիությունը տեղական մանրածախ ցանցեր:
Ի դեպ, այս միջոցառումները միայն առաջին քայլն են մեկ այլ ռազմավարական խնդրի՝Հայաստանի գյուղական շրջանների վերելքի հասնելու գործում: Չէ որ եթե փոքր ու միջին գյուղատնտեսական բիզնեսը գտնի իրեն ու կենդանանա, ապա գյուղում գլխավորը կարվի ՝ հենարան կստեղծվի գյուղական շրջանների առողջացմանը, ինչպես նաև սեփական ու ներգրավված ծրագրերի հետագա ծավալման համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը