11 12 2024

Արցախյան պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Արցախյան պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։

«Հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։
Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,- գրել է Շողակաթ Վարդանյանը։ 

Նշենք, որ ֆիլմն արդեն մի շարք հեղինակավոր մրցույթներում՝ Տրիեստի միջազգային փառատոն, Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթ և այլն,  ճանաչվել է լավագույնը։ 

Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:

Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։

«1489».  ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։

«Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են...
Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է Շողակաթ Վարդանյանը հենց currenttime.tv-ին տված հարցազրույցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ