Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

13 Նոյեմբերի, 2026

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու ակնկալիքով։ Զարմանալիորեն, դատախազությունը մերժել է տվյալների տրամադրումը։

 

Ինչի՞ մասին էինք փորձում տեղեկանալ և ինչու

1․ Չնախաձեռնված վարույթներն ու արդար պաշտոնյաները

Այսպես, մենք հարցրել էինք՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 2021 թվականից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ (կամ մինչև արդեն ամփոփված ժամանակահատվածը) քա՞նի անձի վերաբերյալ է ուսումնասիրություն կատարվել, քա՞նիսի նկատմամբ վարույթ չի նախաձեռնվել, և ովքե՞ր են նրանք։

Դատախազությունը հրաժարվել է տալ տվյալները։ Կարծում ենք՝ թափանցիկ աշխատող կառույցն այլ կերպ կվարվեր։ Այս հարցը չափազանց կարևոր է հանրության համար։ Ըստ Գլխավոր դատախազության հաշվետվության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ավելի քան 400 անձի մասով կատարվել է ուսումնասիրություն։

Եվ ուրեմն, ովքե՞ր են նրանք․ գուցե նրանց մեջ կան նախկին կամ ներկա պաշտոնյաներ, ում թալանչիի համբավ է կպցվել, սակայն պարզվել է, որ դա սուտ էր։ Գուցե նրանց շարքում կան ՔՊ-ական՝ օր-օրի հարստացող պաշտոնյաներ, որոնց մասին ուսումնասիրություն են արել ու համարում են, որ արագ հարստանալը նորմալ է, և այլն։

 

2․ Կարճված վարույթները

Մեր մյուս հարցն էր՝ «Քա՞նի անձի նկատմամբ նախաձեռնված վարույթն է կարճվել, ովքե՞ր են նրանք և ի՞նչ գույքի օրինականությունն էր վիճարկվում»։

Դատախազությունը հրաժարվել է պատասխանել այս հարցին ևս, ինչն առավել տարօրինակ է, քան նախորդ հարցին չպատասխանելը։

Բանն այն է, որ եթե դատախազությունը նախնական ուսումնասիրություններ անելիս հաղորդագրություն չի տարածում և չի նշում, թե որ պաշտոնյայի նկատմամբ է ուսումնասիրություն տեղի ունենում, ապա հայցերի պարագայում ճիշտ հակառակն է․ նշում են, որ այսինչ նախկին պաշտոնյայից (գործող պաշտոնյաների վերաբերյալ դեռ հաղորդագրություն չի տարածվել վերջին 5 տարիներին) պահանջվում է այսքան անշարժ գույք, այսքան տրանսպորտային միջոց, այսքան իրավաբանական անձանցում մասնակցություն, այսքան դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և այլն՝ նայած ումից ինչ են պահանջում։ Այդ մարդկանց անունները հրապարակվում են, ու դրանով իսկ արդեն խախտվում է անմեղության կանխավարկածը. հանրության մոտ նրանք հայտարարվում են թալանչի, բայց հետո այդ անձանց մի մասի վերաբերյալ վարույթը կարճվում է, սակայն այդ մասին չի բարձրաձայնվում՝ թողնելով նախնական կարծիքը նրանց թալանչի լինելու վերաբերյալ։

Ցավոք, Հայաստանի այս իշխանության գործելակերպը տարբեր թեմաներում էլ նույնն է՝ անձին պախարակել, մանավանդ եթե նախկին պաշտոնյա է, աղմուկով քրգործեր հարուցել, բայց գործերը կարճել և նրան արդարացնել անաղմուկ։

 

3․ Կնքված հաշտությունները

Մյուս հարցով փորձել ենք ճշտել՝ «Նույն ժամանակահատվածում համաձայնության կամ հաշտության կնքում քա՞նի դեպքով է կայացել, ովքե՞ր են այդ անձինք և ի՞նչ պաշտոն են զբաղեցրել»։ Դատախազությունն այս դեպքում ևս հրաժարվել է պատասխանից։ Սա ևս համարում ենք անընդունելի մոտեցում։

Կարծում ենք՝ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ովքեր են այն 11 հոգին, որ գործարքի են գնացել դատախազության հետ, համարել են, որ իրենց գույքն ապօրինի է, և մի մասը տվել են պետբյուջե․ կամ ո՞վքեր են, որ համարել են, որ իրենց գույքն ամբողջությամբ օրինական է, բայց ստիպված են եղել իրենց օրինական գույքի մի մասը տալ պետությանը, որպեսզի հեռու մնան տարիներով ձգվող դատական քաշքշուկներից և այլնից։

Այս հարցերին պատասխանի մերժումը մի շարք կասկածներ է հարուցում դատախազության գործունեության անաչառության, թափանցիկության, կոռուպցիոն գործարքների, իշխանության մտերիմների վերաբերյալ առանձնահատուկ վերաբերմունքի և այլնի մասով։

Փաստենք՝ «թալանը ժողովրդին վերադարձնող» իշխանությունը խուսափում է ժողովրդին մանրամասներ հայտնել գործընթացից՝ միայն հայտնելով ոչինչ չասող թվեր և տպավորություն ստեղծելով, թե լուրջ գործ են անում․ կամ այն դեպքերում, երբ որևէ անձ հետաքրքրություն է ներկայացնում կառավարող իշխանությանը՝ որպես քաղաքական հակառակորդ։

 

4․ Դատախազության մերժման հիմքը

Մեր հարցումից հետո դատախազությունը հաղորդագրություն է հրապարակում, թե․ «Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից բխում է, որ անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, իրավասու մարմնին հայտնի են դառնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից ստացված հաղորդումներով, որոնք հանդիսանում են հիմք ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու, իսկ այդ հիմքերը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գաղտնի են։

Միաժամանակ, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու մարմինը նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ հրապարակում է տարեկան հաշվետվություն՝ պահպանելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիության ապահովման պարտականությունը։

Այսինքն՝ օրենքի կիրառման արդյունքների ամփոփման և հրապարակման պարտականությունը վերաբերում է նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին»։

 

5․ Հինգ տարում՝ երկու դատական ակտ կամ մեծ աղմուկ՝ ոչնչից

Այս տարվա սեպտեմբերի 17-ին Աննա Վարդապետյանն առցանց ձևաչափով մասնակցել է Բելառուսում տեղի ունեցած Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 11-րդ նիստին։ Նիստի ժամանակ հայտարարել է, որ 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանն է անցել շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժեքով գույք։ Երկրորդ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլին։ Այն կազմում է շուրջ 4 մլն դոլար։

Դատախազ Վարդապետյանն այդ նիստում ասել է, թե 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ դատարաններում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 175 հայց՝ շուրջ 629,5 միլիարդ դրամ կամ մոտ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնի չափով։

Միաժամանակ, ինստիտուտի կիրառման շրջանակում, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 հաշտության համաձայնություն, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձվել են շարժական և անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ՝ շուրջ 5,5 միլիարդ դրամ կամ մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Ստացվում է՝ դատախազությունը 2021 թվականից ի վեր պահանջում է 1,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով թալանի վերադարձ, բայց 5 տարում կարողացել է ապացուցել և ապահովել ընդամենը 15 մլն դոլար թալանի վերադարձ՝ հաշտությամբ, 750 հազար դոլարի չափ՝ դատարանի մեկ որոշմամբ, և շուրջ 4 մլն դոլար՝ դատարանի երկրորդ որոշմամբ։

Ստացվում է՝ իշխանության 9 տարվա աղմուկի ընթացքում դատախազությունը «հետ է բերել» հայտարարված 1,7 մլրդ դոլար թալանի 1,18 տոկոսը։

Ահա և վերջ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝...

Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում․ Ջաբարով

Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում․ Ջաբարով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը կրկին ներգրավվի կազմակերպության աշխատանքներում, մասնակցի հանդիպումներին, խորհրդակցություններին ու խորհրդարանական համաժողովներին, ինչպես նաև...

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել...

Փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

ՊԵԿ-ից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նոյեմբերի 6-ին ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական...