Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ․ «Կարճ ասած»

1 Հուլիսի, 2026

Թեև Սահմանադրական դատարանը դեռ չի հաստատել Հայաստանի պատմության մեջ ամենավիճելի ընտրությունների վերաբերյալ որոշումը, բայց ՔՊ-ն պաշտոններն է բաժանում՝ ԱԺ, նախարար և այլն։ Գուցե արդեն գիտեն կամ կռահո՞ւմ են որոշման բովանդակությունը։ Եթե մենք կռահում ենք դատավորներից մի քանիսի որոշումը, գուցե Նիկոլը գիտի՞ քվեարկությունը։

Տեսեք, ընտրություններից առաջ բարձրացնելով 600 հազարից ավելի անձանց թոշակը, բոլորին պարզ էր նպատակը․ ընտրություններն են․ այլապես 75 մլրդ դրամ չէին ծախսի թոշակառուների վրա, զանազան ընտրակաշառքներ չէին բաժանի վարորդներին, գյուղատնտեսներին, ապօրինի շինության տերերին, անհուսալի վարկառուներին։ Ձայնի ակնկալիքով էր, չէ՞։ Իսկ ի՞նչ ակնկալիքով ընտրություններից օրեր առաջ բարձրացան ՍԴ դատավորների հավելավճարները։ Ընտրություններից անմիջապես առաջ արդարադատության նախարարությունը նախագիծ ներկայացրեց, ՔՊ-ական ԱԺ-ն բարձրացվեց ՍԴ նախագահի, փոխնախագահի և 7 դատավորների հավելավճարը՝ աշխատավարձի մինչև 35 տոկոսի չափով: Այսինքն, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին բողոքի քննությունից օրեր առաջ արդեն ՍԴ անդամները ստացել են բարձր աշխատավարձ։ Կարո՞ղ էր ՔՊ-ն ենթադրել, որ լինելու է ընտրությունների արդյունքների բողոքարկում։ Վստահաբար կարող էր։ Կարո՞ղ ենք սա դիտել կաշառք։ Ընդ որում, ՍԴ-ում երբ քննարկում են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը, ՔՊ-ի կողմից մասնակցում է հենց արդարադատության նախարարը, որը խորհրդարանում զեկուցում էր ՍԴ դատավորների աշխատավարձի բարձրացումը։ Ահա ինչի վրա են գնում պետբյուջեի փողերը։ Չեմ պնդում, որ դատավորները կաշառվել են, փա՛ստն եմ արձանագրում։

Ձեզանից մեծ մասի ամսական եկամուտը 150-200 հազար դրամի սահմաններում է։ Տարեկան կազմում է 1 մլն 800 հազարից մինչև 2 մլն 400 հազար դրամ։ Տարեկան։ Պատկերացրեք, որ միայն ՍԴ նախագահը ստանալու է 7,7 մլն դրամ ավել փող, աշխատավարձից առանձին, նրա տեղակալը՝ 5,8 մլն դրամ ավելի փող, դատավորները՝ 4,7 մլն դրամ։ Այսինքն, սրանց միայն հավելավճարը ձեր տարեկան եկամտից կրկնակի, անգամ եռակի ավելի է։ ՍԴ նախագահի միայն ավելացված հավելավճարը թոշակառուի 14 տարվա թոշակն է, ՍԴ դատավորի միայն տարեկան հավելավճարը ուսուցչի 6 տարվա աշխատավարձն է։ Ուսուցչի աշխատավարձը բարձրացնել պետք չէ, նրա ձայնը կարող են կեղծել, չհաշվել կամ հաշվել ՔՊ-ին, կարևորը ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելն է, նրա՛նցից ակնկալիք ունեն։

Այսօր ՍԴ-ում եզրափակիչ ելույթներն էին։ ՍԴ դատավորն ասում է՝ այդ եզրափակիչ ելույթները մեզ վրա չեն ազդելու։ Չգիտեմ, նրանց որոշման վրա ինչն է ազդելու՝ փաստե՞րը, բարձրացված աշխատավա՞րձը, գուցե ինչ-որ SMS․ չգիտեմ։ Բայց այդ ելույթների ժամանակ ուշագրավ փաստեր բերվեցին։ ՍԴ-ն ընտրությունների վրա ազդեցության փաստերի հարյուրավոր էջեր է ստացել։ Դատարանում ապացուցվեց, որ ընտրական փուլն ընթացել Նիկոլի ատելության խոսքով։ Կարո՞ղ էր դա ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Միանշանակ։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է արդարացնել ատելության խոսքը։ Բայց ՔՊ-ն արդարացնում է, եթե հեղինակը Նիկոլն է․ ասում է՝ քաղաքական սուր խոսք է։ Երբ քաղաքացին մի քիչ կոպիտ բառապաշարով գրառում է անում, կալանավորվում է, երբ վարչապետ աշխատողն է անում, ասում են՝ քաղաքական սուր խոսք է։ Քաղաքացին երբ հայհոյում է իշխանությանը, նա չունի լծակներ դա իրականացնելու, իսկ երբ վարչապետն է անում, նա նաև ունի իրականացման լծակներ։

Այս առումով որևէ պատասխանատու կառույց քայլի չի դիմել։ ԿԸՀ-ն ոչինչ չի արել, ընդ որում՝ ոչ մի ընտրակեղծիքի, ընտրախախտման վերաբերյալ ոչինչ չի արել։ Նիկոլի նախկին աշխատողի ղեկավարած ԿԸՀ-ն ընտրություններին ուղղակի հետևել է, ինչպես մենք, ուրիշ ոչ մի բան չի արել։ Մենք՝ լրագրողներս, ուժերի ներածին չափով մեր մասնագիտական աշխատանքն արել ենք, ԿԸՀ-ն իրենը չի արել։ Ինչո՞ւ, գուցե նրա համար, որ անկախ չէ՞։ Բա ամենախայտառակ ընտրությունների պարագայում ոչ մի վարույթ չի հարուցել։ Հասարակ բան․ ԿԸՀ-ի պարտականությունների մեջ էր ժամը 20։00-ին փակել ընտրատեղամասերի դռները, դա էլ չի արել։ Այդ նգործության պատճառով ԲՀԿ-ի ձայները փոշիացվել են։

ՍԴ-ում ապացուցվեց վարչական ռեսուրսի լիակատար չարաշահումը, չգիտեմ՝ կա՞ր ևս մեկ վարչական ռեսուրս, որը հնարավոր էր օգտագործել, ու ՔՊ-ն չի արել։ ՍԴ-ում ապացուցվեց և՛ ընտրակաշառքը, և՛ դրա ազդեցությունը արդյունքների վրա։ Ներկայացվեց շատ ուշագրչավ հարցման տվյալներ․ հարցման մասնակիցների 31%-ն ասել է, որ կենսաթոշակների բարձրացումն ազդել է ընտրողի որոշման վրա, և բոլոր նրանք, ովքեր ասել են, որ իրենց որոշման վրա դա ազդել է, նրանցից 91%-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին։ 2022-ից պատրաստվելով ընտրություններին, 3 տարի թոշակ չի բարձրացրել, որպեսզի չստացվի կառավարության պարտավորություն, բարձրացրել է ընտրություններից օրեր առաջ՝ արդեն որպես ընտրակաշառք։ Նույնը առողջապահության ապահովագրության դեպքում էր, մենք հարցնում էինք՝ 2025-ի հունվարի 1-ից էիք խոստացել, ինչո՞ւ չդրեցիք, այլ դրեցիք 2026-ից։ Պատասխանը պարզ է՝ որովհետև ընտրությունները 2026-ին էին։ Ու ըստ հարցման՝ դա էլ է ազդել ընտրողի որոշման վրա։ Առանց հարցման էլ էր պարզ։

ՍԴ-ում ապացուցվեց, որ մոնտաժված, կեղծ, չհիմնավորված հաղորդագրությունները՝ իբր ընդդիմության ընտրակաշառքների մասին, սև փիարի նպատակով է եղել ու ազդել է ընտրության արդյունքների վրա։ Նույն հարցումներով պարզվել է, որ այդ կեղծ ձայնագրությունների պատճառով քաղաքացիների 21 տոկոսը չի տվել իր ձայնը ընդդիմադիր ուժերին։ Այնպես չէ, որ ՔՊ-ն բոլոր ձայները տարել է՝ ուղղակի վերցնելով ուրիշների քվեարկությունները և դնելով իր վրա, ինչպես արեց ԲՀԿ-ի պարագայում։ Դա էլ են արել, սև PR էլ են արել, ընտրակաշառքով էլ են արել: Հարցնում ենք՝ ինչո՞ւ ՔՊ-ին չեն գաղտնալսել, արդարադատության ՔՊ-ական նախարարն ասում է՝ գուցե գաղտնալսել են, բայց հանցավոր երևույթի չեն բախվել։ Մենք էլ ասում ենք անհնար է, իսկ գուցե բախվել են հանցավոր երևույթի, բայց իմանալով, որ ՔՊ-ի մասին է, շառից-փորձանքից հեռու՝ ջնջել են գաղտնալսումը։

ՍԴ-ում ապացուցվեց, որ պետական բոլոր կառույցները և ուժայինները, արդարադատության ողջ համակարգը աշխատել է ՔՊ-ի օգտին, միջամտել ընտրություններին, ծավալել է քաղաքական գործունեություն։ Անգամ ՍԴ-ում նիստերի ժամանակ նրանք միասին էին հանդես գալիս։

Դատավարության ընթացքում ապացուցվեց, որ ՔՊ-ն ծախսերի մի մասն արել է պետբյուջեի հաշվին, հիմնադրամում իր ծախսերը խիստ ոչ արժանահավատ են, ինչը հիմք էր ընտրությունից դուրս թողնելու համար։ Ընդ որում, նաև այստեղ է եղել անհավասար պայմաններ մասնակիցների համար։ ՔՊ-ն պետբյուջեով ընտրակաշառք է տվել, մյուս ուժերը չեն ունեցել հնարավորություն պետական բյուջեն տնօրինելու։ Ողջ պետական ռեսուրսը մեկ ուժի վրա են ծախսել։ Որովհետև նա ասել է՝ կառավարությունը ինքն է։ Այս ամենի պատճառն այն է, որ, կրկնում եմ, չեն եղել անկախ ո՛չ ԿԸՀ-ն, որի ղեկավարը Նիկոլի աշխատողն էր, ո՛չ դատախազությունը, որի ղեկավարը Նիկոլի աշխատողն էր, ո՛չ քննչականը, հակակոռուպցիոնն ու մյուս՝ սահմանադրությամբ անկախ մարմինները։ Իսկ ՍԴ-ն անկա՞խ է։ Ամեն դեպքում, ՍԴ-ն այսքան կեղծիքներից հետո անգամ ամեն ինչ արեց, որ ՔՊ-ն ու ԿԸՀ-ն դիսկոմֆորտ չզգան։

Կարճ ասած՝ ՍԴ նիստերին զուգահեռ ՔՊ-ի պաշտոնաբաժանումը, ըստ իս, նշանակում է, որ կա՛մ թքած ունեն դատարանի որոշման վրա, կա՛մ արդեն տեղյակ են այդ որոշումից։ Վստահ կարող ենք ասել, որ ՍԴ-ի հակապետական որոշումը, հակաժողովրդական որոշումը, օրենքից ու իրավունքից չբխող որոշումը մեր երկիրը հետ է գցելու տարիներով, այդ կառույցն ամբողջությամբ գցելու է լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Որ ընտրության արդյունքները ոչ լեգիտիմ են, կասկած չկա, այդ դեպքում այդ արդյունքները վավերացնողնե՞րն ով են։ Սարսափելի է լինելու, եթե մեր երկիրը ևս 5 տարի փորձի ղեկավարել մի թիմ, որը չի ստացել դրա համար մանդատ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։ «Որոշել եմ այսօրվանից...

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Զանգել Միշուստինին , հանդիպում մուրալ ու հետո նացիստներին արդարացնող Արծրունին նշանակել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք.. մեջ անելու...

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում շոգի պատճառով հունիսին մահացել է ավելի քան 1000 մարդ

Իսպանիայում հունիսին շոգի հետևանքով գրանցվել է մահացության 1029 դեպք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այսօր հրապարակված պաշտոնական տվյալներին։ Դրանց համաձայն, հնգօրյա շոգի ալիքը, որի ընթացքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը,  հունիսը դարձրել է...

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ՝ հանրապետությունում ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության պահանջ մտցնելու Երևանի ծրագրերի առումով՝ նշելով, որ նմանատիպ գործողություններ է...

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ...